17:53 | 12.09.25 | Հարցազրույցներ | exclusive 271

Ալեքսեյ Միլլեր. DataArt-ի $100 մլն․ AI ներդրումը եւ ինչու է Հայաստանը առանցքային հաբ

DataArt-ի համահիմնադիր եւ գլխավոր մենեջեր Ալեքսեյ Միլլերը գրեթե 30 տարի զարգացնում է ընկերությունը՝ փոքրիկ ինժեներական թիմից վերածելով այն գլոբալ տեխնոլոգիական ընկերության, որն ունի ավելի քան 6,000 աշխատակից 35 երկրում։ 

ITel.am-ի հետ զրույցում նա պատմել է DataArt-ում տվյալների եւ արհեստական բանականության ուղղությամբ 100 միլիոն դոլար ներդրման, Հայաստանում աճի դերի մասին եւ թե ինչու է մարդկանց նկատմամբ հոգատարությունը երկարաժամկետ հաջողության բանալին։ 

- Դուք DataArt-ում եք 1997 թվականից։ Ի՞նչը կզարմացներ 1997-ի Ձեր անձին DataArt-ում 2025-ին։

- Ընկերություն կառուցելու երկու ճանապարհ կա. մեկը, երբ դու հստակ գիտես՝ ինչ ես անում, ունես ծրագիր եւ հստակ տեսլական՝ ինչ ես ուզում ստեղծել։ Մյուսը, երբ գաղափար չունես՝ ինչ ես անում, եւ արդյունքում կարող ես կառուցել բոլորովին նոր բան։ Այդ ճանապարհը լի է անակնկալներով՝ երբեմն լավ, երբեմն հիասթափեցնող, երբեմն էլ անսպասելի։

Մեր մեթոդը երկրորդն էր։ Առնվազն անձամբ ես ծրագիր չունեի։ Չունեի որեւէ ակնկալիք։ Այդ պատճառով էլ՝ որոշ առումով ամեն ինչ ինձ զարմացնում է դեռ։

Իմ պատկերացումները բիզնեսի մասին տարիների ընթացքում կտրուկ փոխվել են։ Ունենալով փորձ մաթեմատիկայի ոլորտում՝ բիզնեսը տեսնում էի շատ մեխանիկական՝ մեքենայի պես։ Գումարը ներդնում ես, գործողությունը տեղի է ունենում, եւ արդյունքը հետեւում է կանխատեսելի տրամաբանությամբ։ Մինչ որոշ բիզնեսներ, իսկապես, աշխատում են որպես մեքենաներ, մեր բիզնեսը եւ, կարծում եմ, ոլորտի մեծ մասի դեպքում նույնպես մեքենա է, որը, սակայն, կազմված է մարդկանցից։ Իսկ դա լրիվ այլ տեսակի մեքենա է։

Ալեքսեյ Միլլերը Ալեքսեյ Միլլերը
photo © Mediamax


Հետ նայելով՝ կարող եմ ասել, որ թերագնահատել էի՝ որքան կարեւոր են մարդիկ։ Դա միտումնավոր չէր. չէի գիտակցում՝ որքան ուշադրություն է նրանց պետք, որքան ստեղծարար կարող են նրանք լինել եւ ինչպես կարող են արմատապես փոխել այդ մեքենան՝ առանց ղեկավարության մեծ միջամտության։ Դա ինձ զարմացնում է ամեն օր։ Այն, ինչ մենք կառուցել ենք, իր էությամբ մարդկանց բիզնես է։ 

- Ունե՞ք «DataArt-ի մշակույթի» սահմանում, որն այս տարիների ընթացքում փորձել եք պահպանել։ 

- Այո, բայց դա բառերով նկարագրելը հաճախ դժվար է, որովհետեւ պետք է ինքնուրույն զգալ։ Մենք այն կոչում ենք «People First» («մարդիկ առաջին հերթին»), ինչը մեր մշակույթի էությունն է։ Այս մոտեցումը կարելի է մեկնաբանել բազմաթիվ ձեւերով։

Ոմանք լսում են ու մտածում՝ «ես մարդ եմ, ուրեմն ես եմ առաջնային», բայց բոլորս առաջինը չենք կարող լինել։ Մեզ համար «people first»-ը նշանակում է շարունակական, երբեք չավարտվող հավասարակշռության փնտրտուք։ Դա հավասարակշռություն է՝ առեւտրային շահերի եւ մարդկային շահերի միջեւ, տարբեր ծագում ունեցող մարդկանց, վայրերի եւ դերերի միջեւ։

Սա անթերի գործընթաց չէ եւ հաճախ ցավոտ է, բայց նաեւ անհրաժեշտ։ Այդ հավասարակշռությանը ձգտելը մեր մշակույթի մեծ մասն է, որը պարտավորվել ենք պահպանել։ Այն պահին, երբ բիզնեսը դադարում է լինել մարդկանց համար եւ դառնում է պարզապես մեքենա, երբ առաջնորդներն ու աշխատողները դադարում են հոգ տանել միմյանց նկատմամբ, անկախ գրասենյակի գտնվելու վայրից, հենց այդ պահին էլ մշակույթը մահանում է։

photo © Mediamax


Այժմ բավականին մեծ ընկերություն ենք՝ 6,000 աշխատակցով 35 երկրում։ Անհնար է բոլորի մասին հավասար չափով հոգալ կամ բոլորին անձամբ ճանաչել, կարեւորը մտադրությունն է։ Ես կստեմ, եթե ասեմ, որ ճանաչում եմ կամ խորապես հոգ եմ տանում այդ 6,000 մարդկանցից յուրաքանչյուրի մասին։ Ոչ ոք չի կարող։ Բայց ես ուզում եմ հոգալ, եւ այդ ցանկությունն ու ջանքը, այդ ձգտումն է ինձ համար արտացոլում մեր մշակույթը։ 

- DataArt-ը վերջերս հայտարարել է տվյալների եւ AI-ի ուղղությամբ 100 միլիոն դոլար ներդրում կատարելու մասին։ Ո՞րն է այս ներդրման նպատակն ու ամենամեծ ռիսկը։

- Մենք էությամբ ծառայություններ մատուցող բիզնես ենք, հաճախորդներին օգնում ենք լուծել բիզնես խնդիրներ տեխնոլոգիաների միջոցով։ Բիզնեսը ինքն է փոխվում, ծառայությունների մատուցումը փոխվում է, այն, ինչի համար հաճախորդները պատրաստ են վճարել, փոխվում է, եւ ինչպես են նրանք օգտագործում տեխնոլոգիան իրենց բիզնեսները փոխակերպելու համար, նույնպես էվոլյուցիայի մեջ է։ Այսպիսով, երբ ասում ենք՝ պատրաստվում ենք ներդնել 100 միլիոն դոլար տվյալների եւ արհեստական բանականության մեջ, դա այնպիսի տեխնոլոգիա մշակելու մասին է, որը կօգնի ընկերություններին առավելագույնս օգտվել տվյալներից, արհեստական բանականության զարգացումներից։ 

Մենք պետք է լրջորեն ներդրումներ անենք հմտությունների, ուսուցման, տեխնոլոգիական լիցենզիաների, ենթակառուցվածքների մեջ։ 

- Ինչպե՞ս է ընկերությունը փոխակերպել իր ռազմավարությունը՝ մրցունակ մնալու համար AI-ի արագ զարգացումների պայմաններում։ 

- Այստեղ տվյալների համատեքստն իսկապես մեծ նշանակություն ունի։ Արդար պատասխանն այն է, ինչ ասացի՝ կապված 100 միլիոն ներդրման հետ։ Դա DataArt-ի համար շատ արտասովոր քայլ է։ Մասնավորապես՝ 27 տարվա ընթացքում մենք երբեք նման հայտարարություն չենք արել։ Ոչ թե որովհետեւ չէինք կարողանում հասանելիություն ունենալ 100 միլիոնի, թեեւ դա էլ ճիշտ է, այլ որովհետեւ մենք միշտ առաջնահերթություն ենք տվել ճկունությանը։ 

Այսպիսով, հրապարակային ասել՝ «մենք ավելի վաղ ենք շարժվելու այնտեղ, ուր աշխարհն է գնում, որպեսզի պատրաստ լինենք», մեծ փոփոխություն է։

Այս ռիսկը բավականին մեծ եւ երկարաժամկետ է։ Մենք խուսափել ենք նման ռիսկերից, որովհետեւ մեր ռազմավարությունը կառուցված էր ճկունության վրա։ Կարելի է սա կոչել «ռազմավարություն՝ առանց ռազմավարության», սա ընկալել որպես ընտրություն՝ խուսափելու մեծ հայտարարություններից։ Փոխարենը մենք կենտրոնացել ենք ճկուն մնալու վրա։ 

- Դուք AI գործիքներ ստեղծո՞ւմ եք ներքին թիմերի աշխատանքի համար։ 

- Մենք մեզ չենք դիտարկում որպես AI գործիքներ արտադրող ընկերություն։ Օգտագործում ենք շուկայում հասանելի գործիքները, փոխում, տեղայնացնում ենք դրանք, հաճախորդների համար համագործակցում դրանց շուրջ։

Երբ կարող ենք ստեղծել գործիք մեզ համար, մեր աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար, անում ենք։ Նպատակը միշտ արդյունավետություն ստեղծելն է թե՛ մեզ համար, թե՛ մեր հաճախորդների եւ ոչ թե պարզապես պրոդուկտ ստեղծել։ Բայց եթե կարող ենք օգտվել արդեն իսկ առկա գործիքներից, ապա նախընտրում ենք օգտագործել դրանք։

- Ինչո՞ւ DataArt-ը որոշեց ներդրում անել Հայաստանում, ի՞նչ յուրահատուկ առավելություններ եք տեսնում այստեղ։ 

- DataArt-ը Հայաստանում է մոտ վեց տարի, դրանից առաջ եւս երկու տարի մենք պատրաստվում էինք։ Ընդհանուր մոտ ութ տարի է, ինչ մտածում ու աշխատում ենք այստեղ։ Բիզնեսի համար դա հավերժություն է։ Վեց տարին գուցե երկար չի հնչում, բայց իրականում երկար ճանապարհ է։ 

Հայաստանը DataArt-ի համար շատ առանձնահատուկ վայր է։ Ինչո՞ւ Հայաստան։ Որովհետեւ ծառայությունների բիզնես լինելով՝ մենք 100%-ով կախված ենք մարդկանցից, նրանցից, ովքեր աշխատում են մեզ հետ, մեր հաճախորդների համար եւ համագործակցում համաշխարհային թիմերի հետ։

Մեր ընկերությունը շատ տարածված է ավելի քան 30 երկրում, ուստի ցանկացած վայրում, որտեղ բացում ենք գրասենյակ, ամենակարեւոր որակը միայն տեխնիկական հմտությունները չեն։ Դա նաեւ արդյունավետ աշխատելու, տարբեր մշակույթների ու թիմերի հետ համագործակցելու կարողությունն է։ Կարծում եմ՝ սա հայերի չափազանց կարեւոր հատկանիշն է։ 

Ալեքսեյ Միլլերը Ալեքսեյ Միլլերը
photo © Mediamax


Չեմ ուզում՝ կարծրատիպային հնչի, բայց սա իմ փորձն է։ Հայերը բացառիկ բաց են տարբեր մշակույթների, աշխատելու ոճերի հանդեպ։ Հասկանում են մարդկանց, անհրաժեշտության դեպքում ճկուն են, միեւնույն ժամանակ՝ հաստատակամ։ Նրանք շատ արդյունավետ գործընկերներ են համատեղ աշխատանքի մեջ։

Մենք դա գործով տեսանք շատ բարդ ժամանակահատվածում՝ երեք տարի առաջ, երբ պատերազմը սկսվեց, եւ Հայաստանը դիմավորեց այլ երկրներից ժամանած մեծ թվով մարդկանց, հիմնականում Ռուսաստանից եւ այլ վայրերից։ Մեր գրասենյակը մեծ դեր խաղաց այդ գործընթացում։ Թիմն օգնեց ավելի քան 400 մարդու տեղափոխվել Հայաստան, ինտեգրվել եւ իրեն տանը զգալ։ Նրանցից ոմանք մնացին, ոմանք գնացին։ Բայց այս օգնելու ունակությունը, բարեկամ լինելը, ուրիշների հետ աշխատելը չունի դրամական արժեք։ Դա պարզապես բացառիկ է։ 

- Ո՞րն է Հայաստանում DataArt-ի երկարաժամկետ տեսլականը եւ ընդլայնման ռազմավարությունը։

- Հայաստանն այսօր մեր ամենամեծ հաբերից մեկն է։ Այստեղ մոտ 500 աշխատակից ունենք։ Այդ թիվը փոխվում է՝ կախված աշխատանքի ընդունման շրջափուլերից։ Հայաստանը մեծ երկիր չէ, այստեղ 100 հազար աշխատակից ունենալն անիրատեսական է։ Մենք ակնկալում ենք աճել եւ շարունակել աշխատակիցներ ներգրավել։

Կարծում եմ՝ տարիների ընթացքում փորձառու մասնագետների աշխատանքի ընդունելու փոխարեն, մեր ուշադրությունը կկենտրոնանա ավելի շատ երիտասարդներին կրթելու վրա։ Հույս ունեմ, որ ավելի շատ կգործակցենք դպրոցների եւ համալսարանների հետ, գուցե համագործակցենք եւ բացենք մեր սեփական ուսումնական ծրագրերը, որովհետեւ երիտասարդ տաղանդի զարգացումը մեր ռազմավարության կարեւոր մասն է։

Ալեքսեյ Միլլերը Ալեքսեյ Միլլերը
photo © Mediamax


Հայաստանը յուրահատուկ է նրանով, որ այստեղ թիմն արդեն ամուր կապեր ունի կրթական հաստատությունների եւ պետական կառույցների հետ, եւ մենք իսկապես զգում ենք այդ աջակցությունը։ Ոչ բոլոր երկրներում կա բիզնեսի, կրթության եւ կառավարության միջեւ նման սերտ համագործակցություն։ Այստեղ դա զգացվում է։ 

Հայաստանի մեկ այլ առավելությունն իր աշխարհագրական եւ մշակութային դիրքն է։ Այն կապված է Եվրոպայի հետ, բայց նաեւ մոտ է Մերձավոր Արեւելքին, Ասիային եւ Հնդկաստանին։ Այդ «մեջտեղում» լինելը ոչ միայն ֆիզիկական, այլեւ մտավոր ու մշակութային նշանակություն ունի։ Մեզ պես գլոբալ ընկերության համար սա անգնահատելի է։

Ալեքսեյ Միլլերի հետ զրուցել է Նունե Գրիգորյանը
Լուսանկարներ՝ Էմին Արիստակեսյանի