17:44 | 12.06.25 | Հարցազրույցներ | exclusive 715

AMD-ի փոխնախագահը՝ Հայաստանում ներկայությունն ընդլայնելու մասին

Ամերիկյան առաջատար AMD ընկերության հայաստանյան գրասենյակը բացվել է 2019 թվականին եւ տարիների ընթացքում աճել՝ ձեւավորելով շուրջ 100 մասնագետներից բաղկացած թիմ։

AMD-ի փոխնախագահ Դեն Գիբոնսը, որ առաջին անգամ էր Հայաստանում, Itel.am-ի հետ բացառիկ զրույցում կիսվել է իր տպավորություններով երկրի տեխնոլոգիական ոլորտի մասին, պատմել AMD-ի ներկայիս եւ ապագա նախաձեռնություններից, ինչպես նաեւ անդրադարձել ներդրումային գրավչության հնարավոր գործոններին։ 

- Սա Ձեր առաջին այցն է Հայաստան։ Ի՞նչն է ամենից շատ տպավորել Ձեզ այս ընթացքում։ 

- Այո, չնայած հագեցած օրակարգին՝ այցը բավական արդյունավետ է անցել։ Ամեն օր փորձում ենք առավելագույնը քաղել։ Շատ են տպավորությունները, բայց ամենից շատ՝ Հայաստանում տեխնոլոգիաների հանդեպ կրքոտ վերաբերմունքը։ Ես գիտեի, որ Հայաստանն ունի տեխնոլոգիական ռազմավարություն, բայց այն, թե որքան լուրջ է այդ ռազմավարության կատարումը, իսկապես, զարմանալի է։ Սա շատ ոգեւորող է այնպիսի մարդկանց համար, ովքեր գնահատում են ներդրումային հնարավորությունները։ 

- Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում հայկական տեխնոլոգիական էկոհամակարգում։ 

- Հիմքում, իհարկե, տաղանդն է։ AMD-ն գիտելիքահեն ընկերություն է եւ մեր ամենամեծ ակտիվը հենց աշխատակիցներն են։ Կան բազմաթիվ ուղղություններ, որտեղ կարող ենք ինչ-որ բան անել։ 

photo © Enterprise Armenia


Սկսել ենք մեկ նախաձեռնությամբ, բայց այստեղ արդեն կան ընկերություններ, ինչպիսիք են Siemens-ը եւ Synopsys-ը, որոնք եւս գործունեություն են ծավալում։ Հայաստանն, իհարկե, փոքր տարածաշրջան է, բայց ունի բարձրակարգ համալսարաններ եւ տաղանդի զարգացման վրա շեշտադրում, ինչը շատ գրավիչ է։ Գալիք հնարավորությունները կախված են մի շարք գործոններից։ 

- Որո՞նք են այդ գործոնները։ 

- Ընկերության ընդլայնման հնարավորությունը, տարածաշրջանում գործունեության պայմանները եւ ամենակարեւորը՝ այստեղից ստացվող արդյունքները։ Դա իմ թիմի գլխավոր նպատակն է՝ ապահովել կայուն եւ որակյալ արդյունք։ Եթե սա կարողանանք իրականացնել, ապա նոր ներդրումներն անխուսափելի կլինեն։ 

- AMD-ն նախատեսո՞ւմ է Հայաստանում հետազոտական եւ զարգացման (R&D) կենտրոն բացել կամ այլ երկարաժամկետ ծրագրեր իրականացնել։ 

- Ներկայում չունենք արդեն իսկ իրականացվող նախաձեռնություններից դուրս ծրագրեր։ Մեր ուշադրության կենտրոնում առկա գործունեության հաջող կատարումն է։ Ապագա որոշումները կախված կլինեն դրանց հաջողությունից։ 

- AMD-ն արհեստական բանականության (AI) ոլորտում առաջատար խաղացողներից է։ Ինչպե՞ս եք պատկերացնում ընկերության դերը նոր սերնդի AI լուծումների ապահովման գործում, հատկապես մեր տարածաշրջանում։

- AI-ը ներկայում մեր ամենախոշոր ներդրումային ուղղությունն է։ Մեր առաջնահերթությունը սարքավորումներից բացի, նաեւ ծրագրային ապահովումներ մշակելն է։ Այս պահին չունենք ծրագրեր Հայաստանում AI ծրագրային ուղղությամբ ընդլայնվելու, բայց ճիշտ հնարավորության դեպքում չի բացառվում։

- Հայաստանն ունի ուժեղ ինժեներական համայնք։ Ի՞նչ համագործակցության հնարավորություններ եք տեսնում տեղական մասնագետների, ստարտափների կամ գիտահետազոտական կենտրոնների հետ։

- Սա մի ուղղություն է, որով ցանկանում ենք ավելի ակտիվորեն զբաղվել։ Առայժմ այդ առումով մեծ աշխատանք չենք արել։ Մեր առաջնահերթությունը համալսարանների հետ համագործակցությունն է՝ մեր տեխնոլոգիաները ներկայացնելով եւ տաղանդի զարգացմանը նպաստելով։ 

Միջազգային մասշտաբով ունենք համագործակցության, ներդրումների եւ ստարտափների ձեռքբերման փորձ։ Հայաստանում դեռ չենք սկսել, բայց սա էլ մի ուղղություն է, որը կդիտարկենք ժամանակի ընթացքում։

- Հայաստանի տեխնոլոգիական ոլորտն ունի մեծ պոտենցիալ, բայց նաեւ՝ մարտահրավերներ։ Ի՞նչ խնդիրներ եք տեսել եւ ինչպե՞ս կարելի է դրանք լուծել։

- Մեր ամենամեծ մարտահրավերը ներկայում ծրագրավորողների արտադրողականությունն է, հատկապես այն դեպքերում, երբ աշխատում ենք հաճախորդների զգայուն տվյալների հետ։ Մենք փորձում ենք այդ ուղղությունը բարելավել։ Ծրագրավորողները Հայաստանում պետք է լինեն նույնքան արդյունավետ, որքան աշխարհի ցանկացած այլ վայրում։

photo © Enterprise Armenia


Մյուս մտահոգությունը տաղանդների հասանելիությունն է։ Որպեսզի ավելի շատ ընկերություններ գան Հայաստան, անհրաժեշտ են նոր տաղանդներ։ Այստեղ նաեւ փորձառու ավագ մենեջերների եւ տեխնիկական մասնագետների պակաս կա։ Սա պետք է լուծվի տեղական զարգացմամբ կամ արտաքին փորձի ներգրավմամբ։ Առանց ուժեղ առաջնորդության՝ դժվար է մեծ աճ ապահովել։ 

- Ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Հայաստանը՝ AMD-ի նման խոշոր տեխնոլոգիական ընկերություններից նոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ։

- Հայաստանն այսօր գլոբալ մրցակցության մեջ է։ Կան տարբեր մեխանիզմներ՝ խրախուսումներ տրամադրելու համար։ Այս թեման քննարկել ենք նաեւ Բարձր տեխնոլոգիաների նախարարության հետ։ Կարեւոր է, որ նրանք կապ հաստատեն հենց կորպորատիվ ղեկավարների հետ՝ ներկայացնելու Հայաստանի արժեքային առաջարկը։ Սա շուկայական մրցակցության պես է։ Այլ երկրներ նույնպես ցանկանում են աճ գրանցել։ Կառավարությունը եւ «Enterprise Armenia»-ի նման կառույցները պետք է շարունակեն իրենց ակտիվ եւ հետեւողական աշխատանքը։

Դեն Գիբոնսի հետ զրուցել է Նունե Գրիգորյանը