Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE) եւ Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը՝ Ստարտափ Արմենիա հիմնադրամի աջակցությամբ, մեկնարկել են դրամահավաք՝ Կարեն Վարդանյանի անվան «դրոնների օդանավակայան» կառուցելու նպատակով։

«Համապարփակ ինժեներական կրթության՝ հատկապես ԱԹՍ-ների նախագծման եւ կիրառման ոլորտում կրթական հնարավորությունների կազմակերպումը ձեռք է բերել օրհասական բնույթ։ Համալիրի կառուցումն իր ենթակառուցվածքներով ավարտին հասցնելու համար ֆինանսական ներդրումների անհրաժեշտություն է առաջացել, ուստի ակնկալում ենք ձեր աջակցությունը, որպեսզի Հայաստանում միասին հիմնենք կրթական եւ արտադրական ԱԹՍ-ների առաջին օդանավակայանը»,- հայտնել են Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամից։

Լոռու մարզի Լեռնապատ գյուղում այժմ կառուցվող ԱԹՍ թռիչքուղու նախագծի իրականացման համար անհրաժեշտ է $110 հազար։

Թռիչքուղին հետագայում կարող է դառնալ ամբողջական ԱԹՍ օդանավակայան եւ ծառայել որպես Հայաստանում գործող եւ ապագայում մեկնարկվող ԱԹՍ խմբակների եւ մասնագիտական ընկերությունների կենտրոն, որտեղ պատանիներին կփոխանցվեն համապարփակ ինժեներական գիտելիքներ եւ անհրաժեշտ գործնական հմտություններ։