12:52 | 25.02.25 | Նորություններ | 784

Թումո լաբերում ամփոփվել են CyberTech սպրինտի արդյունքները

Թումո լաբերում ներկայացվել են «Կիբեռանվտանգության ոլորտում հմտությունների եւ կարիերայի զարգացում Հայաստանի երիտասարդների համար» ծրագրի CyberTech սպրինտ բաղադրիչի արդյունքները:

Կրթական նախաձեռնության նպատակն է աջակցել երիտասարդներին մասնագիտական ուղի հարթելու եւ լուծումներ առաջարկելու կիբեռանվտանգության ոլորտի իրական մարտահրավերների համար:

Միջոցառմանը ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը խոսել է կիբեռանվտանգության ոլորտում անհրաժեշտ ներդրումների կարեւորության մասին։

Միջոցառմանը ելույթ են ունեցել նաեւ «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը, Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը եւ «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի ղեկավար Ռաֆայել Ֆաուչը:

Ներսես Երիցյանը նշել է ոլորտի մասնագետների կարողությունների զարգացման անհրաժեշտությունը եւ ստացած գիտելիքների, հմտությունների փոխանցումը հետագա սերունդներին:

photo © TUMO Labs


Միջոցառմանը ներկայացվել են մեկ ամսվա ընթացքում CyberTech սպրինտի շրջանակում կիբեռանվտանգության ոլորտի 50 երիտասարդ մասնագետի մշակված նախագծերը: Լավագույն թիմերը ձեռք են բերել նախնական ֆինանսավորում:

«Կիբեռանվտանգության ոլորտում հմտությունների եւ կարիերայի զարգացում Հայաստանի երիտասարդների համար» ծրագրի CyberTech սպրինտ բաղադրիչն իրականացվում է Թումո լաբերի եւ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ISAA) հետ համագործակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ու ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ եւ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ։