17:20 | 08.04.25 | Հոդվածներ | exclusive 1809

High Performance .NET՝ նոր գիրք Արմեն Մելքումյանից

Ծրագրային ապահովման ոլորտի փորձառու մասնագետ եւ լուծումների ճարտարապետ (solution architecture) Արմեն Մելքումյանը վերջերս հրատարակել է նոր գիրք, որը նվիրված է .NET 8, 9 եւ C# 12, 13 տեխնոլոգիաներին:

Արմենը երկու տարի առաջ միացել է DataArt-ին` որպես լուծումների ճարտարապետ եւ ծրագրավորող: Բացի այդ, անցկացնում է հարցազրույցներ նոր թեկնածուների հետ եւ իրականացնում մոնիթորինգ ծրագրերի որակավորումը բարձրացնել ցանկացող գործընկերների համար:

iTel.am-ի հետ զրույցում նա ասել է, որ գիրքը գրելու անհաժեշտությունը զգացել է DataArt-ի նման միջազգային ընկերությունում իրականացրած բազմաթիվ նախագծերում աշխատելիս։ Գրքում ամփոփել է իր բազմամյա փորձառությունը։

«Նպատակը կայուն ֆունդամենտ ու գիտելիք տալն է, թե ինչպես գրել շատ արագ գործող եւ էֆեկտիվ աշխատող ծրագրեր .NET-ով։ Իմ ամբողջ աշխատանքային պրոցեսների ընթացքում կուտակածս գիտելիքները, փորձը, ինչպես նաեւ էքսպերիմենտների արդյունքները ներառել եմ այս գրքում։ Մոտ չորսից հինգ ամիս տեւած աշխատանքից հետո պատրաստ եղավ տպագրության», - նշում է Արմենը։

photo © Մեդիամաքս


«High Performance .NET» գրքի նպատակն է օգնել միջին եւ բարձր որակավորում ունեցող ծրագրավորողներին զարգացնել իրենց հմտությունները՝ ստեղծելու ավելի արագագործ եւ արդյունավետ ծրագրեր:

«Գրքում ներկայացված է շուրջ 60 ծայրից ծայր նախագիծ, որոնցում կատարվում է համեմատական վերլուծություն ավանդական եւ առավել արդյունավետ մեթոդների միջեւ: Գիրքը սկսվում է .NET-ի հիմնական սկզբունքների ներկայացմամբ, այնուհետեւ անցնում է տարբեր իրավիճակներում ու ոլորտներում ծրագրի օպտիմալացման մեթոդներին: Հատուկ ուշադրություն է դարձվում նաեւ հանգամանքին, որ միեւնույն մեթոդը չի կարող արդյունավետ լինել բոլոր դեպքերում», - բացատրում է հեղինակը:

photo © Մեդիամաքս


Արմենի խոսքով՝ գրքում ներկայացված խնդիրները հատկապես կարեւոր են ամպային տեխնոլոգիաների դարաշրջանում, քանի որ «ծրագրի արդյունավետությունից է կախված, թե որքան կվճարի պատվիրատուն»: Գիրքը հասանելի է անգլերենով, հեղինակը նշում է, որ բազմաթիվ հայ մասնագետներից ստացել է դրական արձագանքներ:

«Բավականին լավ արձագանքներ եմ ստացել մեր համայնքի մասնագետներից, որ գիրքը ընթեռնելի է ու հետաքրքիր։ Միշտ պատրաստ եմ արձագանքել ընթերցողների հարցերին, քննարկել կոնկրետ իրավիճակներ ու նախագծեր: Գիրքն ամեն տարի թարմացնելու եմ, որ իր արդիականությունը չկորցնի», - ասում է նա։

photo © Մեդիամաքս


Բացի «High Performance .NET»-ից, Արմեն Մելքումյանը նախկինում հեղինակել է եւս երկու գիրք, որոնք JavaScript եւ React հարցազրույցների համար նախատեսված ուղեցույցներ են: «High Performance .NET» գիրքը ներկայում հասանելի է Amazon-ում:

Նունե Գրիգորյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի