Ապրիլի 3-ին Dvin Hall-ում տեղի է ունեցել Doing Digital Forum-ը, որի բլոկչեյն գործընկերն էր Fastex էկոհամակարգը:
«Ապագայի փողն ու թվային տնտեսությունը» խորագրով միջազգային ֆորումին մասնակցել է ավելի քան 1000 հյուր եւ մոտ 20 խոսնակ, որոնք քննարկել են փողի էվոլյուցիան եւ դրա տնտեսական ազդեցությունը:
Ֆորումի առաջին պանելային քննարկման թեման էր «Բարտերից կրիպտո. փողի էվոլյուցիան»։ Այն վարում էր ֆորումի հիմնական խոսնակ, համաշխարհային կրիպտո առաջնորդ, Nine Blocks Capital Management-ի համահիմնադիր Հենրի Արսլանյանը։ Նա անդրադարձել է փողի ապագային ու ապագայի փողին, հատկապես՝ կրիպտոարժույթների համատեքստում. ինչ նշանակություն ունեն դրանք ֆինանսական հաստատությունների եւ Հայաստանի նման երկրների համար, ինչ ազդեցություն կունենան յուրաքանչյուրիս կյանքում։
«Սա ամենահետաքրքիր ժամանակաշրջանն է դրամի եւ ֆինանսների պատմության մեջ։ Ուրախ եմ տեսնել, որ Հայաստանում շատ ընկերություններ, այդ թվում՝ Fastex-ը, փորձում են առաջնորդել եւ օգտագործել այս հնարավորությունը։ Մեզ անհրաժեշտ են կենտրոնացված բորսաներ եւ կրիպտո ընկերություններ, որոնք հնարավորություն կտան լայն հանրությանը փորձելու թվային արժույթներն ու զգալու դրանց ընձեռած առավելությունները։ Փողի ապագան թվային արժույթներն են», - նշել է Հենրի Արսլանյանը։
Պանելային քննարկման մասնակիցներից էր Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը։ Բանախոսները քննարկել են կրիպտոյի էվոլյուցիան եւ դրա կիրառությունը Հայաստանում, Հայաստանի բանկային համակարգի եւ բլոկչեյն տեխնոլոգիաների համատեղելիությունն ու ընկալումները։
«Ֆասթեքսը մշտապես մասնակցում է նման կարգի միջոցառումներին, սա լավագույն հարթակն է ինդուստրիայի մասնակիցների հետ ծանոթանալու, նոր մտքեր փոխանակելու, գործընկերների ու համագործակցության նոր սցենարներ ձեւավորելու համար», - ասել է Վախթանգ Աբրահամյանը:
Zodia Custody-ի Եվրոպայի գործադիր տնօրեն Ջերի Աֆենտակիսն ընդգծել է ոլորտում Ֆասթեքսի գործունեության կարեւորությունը.
«Կարծում եմ՝ որքան ավելի շատ ես ծանոթանում Fastex էկոհամակարգին եւ դրա ընկերությունների խմբին, այնքան ավելի տպավորիչ է դառնում։ Այն, ինչ իսկապես զարմացնող եւ հիացնող է, Fastex Group-ի գործունեության լայնածավալությունն է թվային ակտիվների աշխարհում»։
Բլոկչեյնից մինչեւ թվային ֆինանսներ՝ Ֆասթեքսը կառուցում է տեխնոլոգիաների նոր սերունդ՝ ավելի արագ, խելացի եւ ապահով: