14:58 | 14.04.25 | Նորություններ | 614
OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը TED-ի ղեկավար Քրիս Անդերսոնին ասել է, որ ընկերությունը «ստեղծագործական արտադրանքի համար կարիք ունի տնտեսական նոր մոդելի»:
Նա առաջարկել է, որ նկարիչը կարող է հոնորարներ ստանալ իր ոճով պատկերներ ստեղծելու խնդրանքների համար, եթե թույլ տա օգտագործել ոճը:
Հարցազրուցավարը նշել է, որ GPT-4o-ի պատկերների գեներատորը ներկայում «թույլ է տալիս» օգտատերերին խախտել հեղինակների մտավոր սեփականության իրավունքները, ինչը արժանացել է հանդիսատեսի ծափահարություններին:
OpenAI-ի համահիմնադիրը հակադարձել է, որ ChatGPT-ն հրաժարվում է կրկնօրինակել կենդանի արտիստներին: Թույլատրվում են միայն ստուդիայի ոճով կամ «միջավայրին հատուկ» պատկերներ:
Պատկերների գեներատորի թողարկումից հետո սոցցանցերի օգտատերերը սկսել են կիսվել իրենց ստեղծագործություններով՝ ճապոնացի մուլտիպլիկատոր Հայաո Միյաձակիի եւ նրա Studio Ghibli-ի ոճով: Այն ժամանակ փաստաբանները բացատրել են, որ ոճը պաշտպանված չէ հեղինակային իրավունքով, եւ որ ընկերությունը պաշտոնապես չի խախտում օրենքը:
Հարցազրույցում Ալթմանը նաեւ ասել է, որ չատբոտն արդեն ունի շաբաթական 500 միլիոն ակտիվ օգտատեր, եւ նրանց թիվը «շատ արագ աճում է»։