Լոգիստիկայի եւ էլեկտրոնային առեւտրի ոլորտների տարվա միջոցառում e-Logi Fest25-ը կանցկացվի մայիսի 30-ից հունիսի 1-ը։
e-Logi Fest25-ի նպատակն է ձեւավորել ժամանակակից լոգիստիկ միջավայր Հայաստանում, խթանել թվային լուծումների ներդրումը, բարձրացնել ոլորտի արդյունավետությունը եւ աջակցել տարբեր դերակատարների միջեւ համագործակցությանը։
Միջոցառման համահիմնադիր եւ տնօրեն Քրիստինա Երեմյանն ասել է, որ e-Logi Fest-ը եւ՛ ցուցահանդես է, եւ՛ կոնֆերանս, եւ՛ հաքաթոն, որի ընթացքում բեռնափոխադրումների, առաքումների, պահեստավորման, էլեկտրոնային առեւտրի, նորարարական լուծումների առաջատարները, փորձ եւ գաղափարներ փոխանակելով, մրցակցելով եւ փոխգործակցելով, կերտում են Հայաստանի լոգիստիկ ապագան։
Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ) եւ e-Logi Fest25-ի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված լոգիստիկ եւ տեխնոլոգիական համայնքների փոխգործակցության խորացմանը։
ԱՏՁՄ միջոցառումների ղեկավար, ԴիջիԹեքի տնօրեն Խաչատուր Հակոբյանն ընդգծել է արտաքին առեւտրի եւ հատկապես արտահանման ծավալների աճին ուղղված աշխատանքի կարեւորությունը եւ վստահեցրել, որ այդ հարցում ԱՏՁՄ-ն մշտապես գործընկերների կողքին է։
e-Logi Fest-ի առանձնահատկություններից մեկը իրադարձության միջազգային բնույթն է` արտասահմանյան ընկերությունների, մասնագետների եւ խոսնակների ներգրավվածությունը։ Միջոցառման առանցքային գործընկերներն են GIZ-ը եւ ISTC-ն։