11:25 | 13.05.25 | Նորություններ | 161
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ այցելել է «Ինժեներական քաղաք»:
«Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ նախարարն ու դեսպանը շրջել են «Ինժեներական քաղաք»-ում:
Դեսպանին է ներկայացվել ԻՔ-ի գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաեւ ԻՔ նախաձեռնության տեսլականը:
Դեսպանը ծանոթացել է առկա ենթակառուցվածքներին, «Ինժեներական քաղաք»-ում նախատեսվող Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի, Ազգային գերհամակարգչային կենտրոնի, նաեւ արդեն իսկ գործող ընկերությունների գործունեությանն ու արտադրանքին, կիսվել իր տպավորություններով:
Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության նոր հնարավորությունների եւ ուղղությունների վերաբերյալ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա անելիքների ուղղությամբ:
«Ինժեներական քաղաքը» պետություն-մասնավոր գործընկերության հենքով ծրագիր է, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության՝ ի դեմս ԲՏԱ նախարարության աջակցությամբ, Ինժեներական ասոցիացիայի եւ մասնավոր հատվածի մի շարք ընկերությունների հետ համագործակցությամբ։
Ինժեներական քաղաքում այս պահին ներգրավված է 30 ինժեներական եւ բարձր տեխնոլոգիական կազմակերպություն, 350 աշխատակից՝ հիմնականում փորձառու ինժեներներ: