Team Telecom Armenia-ն հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. տարածաշրջանում Կապի միակ թանգարանը միացել է տարվա ամենաթանգարանային տոներին:

Մայիսի 17-ին՝ Թանգարանների գիշերը, եւ մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Կապի թանգարանի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանում հեռահաղորդակցության էվոլյուցիային:

Թանգարանում ցուցադրված են տարբեր ժամանակներում օգտագործված կապի սարքավորումներ՝ 19-րդ դարից սկսած մինչեւ ֆիքսված, բջջային եւ ինտերնետ կապի թվային ժամանակակից միջոցներ։

Թանգարանը խոստանում է ինտերակտիվ ու հիշարժան փորձառություն. այցելուները կարող են պրոֆեսիոնալ էքսկուրսավարի ուղեկցությամբ ոչ միայն ուսումնասիրել, այլեւ փորձարկել տասնամյակների վաղեմության տարբեր սարքավորումների աշխատանքը՝ զգալով տեխնոլոգիական առաջընթացը:

Թանգարանը Երեւանի Կապի շենքում է՝ Ազատության 24/1 հասցեում, տոնական օրերին կգործի 15:00-21:00-ն:

Տոնական օրերից բացի մյուս օրերին եւս թանգարանը սպասում է կապի պատմությամբ հետաքրքրված այցելուներին: Անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով 010 410410 հեռախոսահամարին կամ գրելով museum@telecomarmenia.am էլեկտրոնային հասցեին: Մուտքն ազատ է: