ArtyTraders-ը հայկական ստարտափ է, որը ստեղծել է աշխարհում առաջին ծրագիրն արվեստի գործերի գնահատման եւ իրական ժամանակում ստեղծագործությունների գների հետագա փոփոխության կանխատեսման համար: Այն հիմնված է աշխարհում շուկայի տվյալների ամենամեծ բազայի վրա, որի միջոցով ներդրողները կարող են ստեղծել շահավետ պորտֆելներ եւ իրականացնել վաճառքներ։
Itel.am-ի հետ զրույցում արվեստաբանական գիտությունների թեկնածու եւ ArtyTraders ընկերության հիմնադիր Արման Աղլամազյանը պատմել է՝ ինչպես են Վան Գոգի նկարը բանկային ակտիվի վերածում եւ ինչու են եվրոպական ու ամերիկյան ներդրողները հետաքրքրված հայկական արվեստի ու տեխնոլոգիայի այս եզակի միաձուլմամբ:
Արվեստի ու ֆինանսական ոլորտի միաձուլումը
Ծնվել եմ արվեստագետների ընտանիքում, ինքս արվեստաբանական գիտությունների թեկնածու եմ։ Ուսանողական տարիներից արդեն դասավանդել եմ ժամանակակից արվեստ, հայ արվեստ եւ որպես հրավիրյալ դասախոս եվրոպական ու հայկական տարբեր համալսարաններում դասախոսություններ եմ կարդացել։
Արման Աղլամազյանը
photo © Մեդիամաքս
Ինձ միշտ հետաքրքրել է՝ արվեստի գործն ինչ կառուցվածք ունի, փիլիսոփայական եւ ֆինանսական առումով ինչ ֆակտորներ են ազդում դրա գնահատման ու հետագա կյանքի վրա։ Դրան զուգահեռ, արդեն ինը տարի է՝ ղեկավարում եմ տեխնոլոգիական ընկերություն, որը զբաղվում էր ֆինանսական պրոդուկտների մշակմամբ: Երկար ժամանակ փորձում էի հասկանալ թրեյդերների եւ ֆինանսական ոլորտի մասնագետների աշխատանքն ու մոտեցումները։ Այս ընթացքում անընդհատ մտածել եմ՝ ինչպես կարող եմ արվեստն ու ֆինանսական ոլորտն իրար «ձուլել»։
Վերջին ութ տարվա ընթացքում մշակել ենք մի պրոդուկտ, որի հիմքում ընկած է շուկայից դուրս ավելի քան 22 միլիոն տվյալ, որը հանրային չէ, չի անցել աճուրդներով եւ հասանելի չէ նույնիսկ շուկայում գործող խոշոր խաղացողներին։
Արվեստի շուկայի խնդիրներն ու լուծումըՄենք արվեստի գործերը բաժանում ենք մոտ 150 կատեգորիայի, օրինակ՝ չափը, ժանրը, տեխնիկան, ծագման վայրը, դիտողական փորձը եւ այլն։ Այս ամբողջ կառուցվածքը, համադրելով ակադեմիական բազայի, մարդու փորձի եւ արհեստական բանականության հետ, մեզ հնարավորություն է տալիս պատկերացնել արվեստի գործի ամբողջական արժեքը։
photo © Մեդիամաքս
Մեր պրոդուկտն առաջարկում է լուծումներ բանկերի, ապահովագրական ընկերությունների, կոլեկտորների, թանգարանների, ֆոնդերի եւ արվեստաբանների համար։ Մենք կարողանում ենք իրականացնել գործերի գնահատում, գնի կանխատեսում, արբիտրաժային վերլուծություն եւ ներդրումային պորտֆելների ձեւավորում։
Լուծել ենք արվեստի շուկայի երկու հիմնական խնդիր՝ գնահատման եւ լիկվիդայնության։ Ամենամեծ խնդիրներից մեկը մշտապես այն է, որ արվեստի գործերը դժվար են վաճառվում, իսկ մենք հնարավորություն ենք տալիս ցանկացած արվեստի գործ վերածել ներդրումային ակտիվի, որն էլ կարելի է մասնաբաժիններով վաճառել, նույնիսկ եթե այն չունի հանրային լայն ճանաչում։
ArtyTraders-ի տեխնոլոգիական հիմքըՍտեղծել ենք գործիք, որը թույլ է տալիս յուրաքանչյուրին լուսանկարել արվեստի գործն ու կարճ ժամանակում ստանալ շուկայի տենդենցներին համապատասխան գնահատական։ Սա հնարավոր է դարձել այն բազայի շնորհիվ, որ տարիների ընթացքում կուտակել ենք. ավելի քան 8 000 մասնագիտական գնահատական, որոնց միջին արժեքը եղել է 5 000-15 000 դոլար։
photo © Մեդիամաքս
Մեր տեխնոլոգիական լուծումը հիմնված է Python եւ JavaScript լեզուների, ինչպես նաեւ մեծածավալ տվյալների մշակման եւ AI համակարգերի վրա։ Համագործակցում ենք նաեւ աշխարհի առաջատար AI ընկերություններից մեկի հետ՝ մշակելով եզակի մոդելներ արվեստի գնահատման համար։
Հայ արվեստագետներին աջակցությունըՄեր առաքելությունն է ոչ միայն զարգացնել միջազգային շուկան, այլեւ՝ աջակցել հայ արվեստագետներին։ Երբ մեր հաճախորդը՝ լինի ֆոնդ, կոլեկտոր, թե կազմակերպություն, բյուջե է հատկացնում ներդրումային պորտֆելի ձեւավորման համար, անպայման ընդգրկում ենք նաեւ հայ հեղինակների։
Մեր հարթակում ներկայացված է շուրջ 3 միլիարդ դոլար արժողությամբ հավաքածու, որի զգալի մասը բացառիկ է։ Այստեղ ներկայացված են ինչպես Մարտիրոս Սարյանի, Տիգրան Ձիթողցյանի, Էդվարդ Իսաբեկյանի աշխատանքները, այնպես էլ երիտասարդ հայ արվեստագետների գործեր։ Ներառված են նաեւ Սերժ Թանկյանի գործերը, բացի երաժիշտ լինելուց, նա նաեւ նկարում է։
Արվեստը որպես ներդրումային գործիքԱրվեստն ունի ժամանակային արժեք։ Նրա գինը սովորաբար միայն աճում է, իսկ շուկայական ցնցումները՝ ի տարբերություն կրիպտոյի կամ ֆոնդային շուկայի, ավելի քիչ են ազդում։ Այդ պատճառով էլ արվեստը համարվում է բարձր եկամտաբերությամբ ներդրումային ուղղություն՝ տարեկան միջինում 14-15%։
photo © Մեդիամաքս
Մեր ամենամեծ մոդելային հաջողություններից մեկն այն է, որ արվեստը վերածում ենք ֆինանսական գործիքի։ Շատերը, ովքեր արվեստից ոչինչ չեն հասկանում, այսօր այն դիտարկում են որպես ներդրումային ակտիվ։ Սա մեզ թույլ է տալիս ներգրավել նոր հաճախորդներ, որոնք նախկինում չկային այս դաշտում եւ ընդլայնել շուկան։
Ներդրումներն ու հետագա պլաններըԸնկերությունը ներկայում ավարտում է սաղմնային ներդրումային բանակցային փուլը։ Ներդրողների թվում են խոշոր մասնագետներ արվեստի ու ֆինանսների ոլորտից Եվրոպայից, Ամերիկայից ու Մերձավոր Արեւելքի երկրներից։
Հիմնված լինելով որպես ամերիկյան ընկերություն՝ ինժեներական հիմնական թիմը գործում է Երեւանում։ Տեխնոլոգիական թիմում ընդգրկված են մասնագետներ նաեւ Արցախից։ Մեր ստարտափի թիմը բաղկացած է ոչ միայն ՏՏ մասնագետներից, այլեւ՝ բարձրակարգ արվեստագետներից, արվեստաբաններից ու գնահատողներից։
Արման Աղլամազյանը
photo © Մեդիամաքս
Մինչեւ տարեվերջ ծրագրում ենք ներկայացուցչություններ բացել Մերձավոր Արեւելքի խոշորագույն շուկաներում։ Միաժամանակ պատրաստվում ենք նոր գործիքակազմի թողարկման, որը թույլ կտա մասնավոր վաճառքները դարձնել վերահսկելի եւ թափանցիկ։
Այս ամենը ցույց է տալիս, որ բարձր տեխնոլոգիաների ու արվեստի համադրությունը կարող է ոչ միայն լուծել տարիներով կուտակված համակարգային խնդիրներ, այլեւ ստեղծել նոր շուկաներ՝ Հայաստանում ձեւավորելով գլոբալ բիզնեսներ կառուցելու իրական նախադրյալներ։
Նունե Գրիգորյան Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի