Հունիսի 1-ին Ճապոնիայի Գունմա պրեֆեկտուրայի Տակասակի քաղաքում պաշտոնապես բացվել է Թումոյի առաջին միջազգային կենտրոնն Ասիայում` Թումո Գունման։

Կենտրոնը կգործի տարածաշրջանի խոշորագույն համաժողովների կենտրոն G Messe Gunma-ում` Գունմա պրեֆեկտուրայի հետ համագործակցությամբ:

Ճապոնիայի առաջին Թումո կենտրոնի բացմանը ներկա էին Թումոյի հիմնադիրներ Սեմ եւ Սիլվա Սիմոնյանները, Գունմա պրեֆեկտուրայի նահանգապետ Իչիտա Յամամոտոն, Թվային փոխակերպման նախկին նախարար Տարո Կոնոն, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Ճապոնիայում Հայաստանի դեսպան Մոնիկա Սիմոնյանը, Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը, միջազգային ծրագրերի ղեկավար Քրիս Շահինյանը, համագործակցությունների եւ զարգացման ղեկավար Սթիվեն Բրիջիսը եւ այլք:

Նոր Թումո կենտրոնը հազարավոր ճապոնացի պատանիների կտրամադրի նորարարական հմտություններ տեխնոլոգիաների եւ դիզայնի ոլորտներում:
«Կենտրոնը ոչ միայն ներկայացնում է Հայաստանի ու Ճապոնիայի համագործակցության հաջողված օրինակ, այլեւ ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր հայկական կրթական մոդելն արտահանել աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը։ Ուրախ ենք, որ կարող ենք ճապոնացի պատանիներին առաջարկել Թումոյի արհեստական բանականության GenAI նոր կրթական ոլորտը` AI սովորելու եւ AI-ով սովորելու համար», - նշել է Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը:

Հետագայում նախատեսվում է նոր կենտրոններ եւ Թումո տուփեր գործարկել Ճապոնիայի Մաեբասի եւ Կուսացու քաղաքներում։

«Թումոյի կրթական ծրագրի շնորհիվ Գունմա պրեֆեկտուրայի պատանիները հնարավորություն կունենան ձեռք բերել նորարարական հմտություններ եւ ստեղծարար փորձառություն։ Սա միայն սկիզբն է, եւ մենք անհամբեր սպասում ենք, որ Թումոն ընդլայնվի ամբողջ Ճապոնիայում», - նշել է Գունմա պրեֆեկտուրայի նահանգապետ Իչիտա Յամամոտոն:

Շարունակելով ընդլայնել իր միջազգային աշխարհագրությունը՝ Թումոն այս տարվա ընթացքում պատրաստվում է գործարկել եւս ինը կենտրոն Արգենտինայում, ԱՄՆ-ում, Հոլանդիայում, Վրաստանում, Ղազախստանում եւ Պորտուգալիայում: Այժմ գործում է տասնմեկ միջազգային Թումո կենտրոն աշխարհի տարբեր երկրներում՝ Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Գերմանիայում, Ալբանիայում եւ այլուր: