ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա ամենամեծ քաղաքական աջակիցը՝ Իլոն Մասկը, «բաժանվում» են 21-րդ դարին հատուկ ձեւով՝ իրենց իսկ սոցիալական ցանցերի միջոցով։
Մինչեւ վերջերս Մասկը Թրամփի ներքին շրջապատի առանցքային դեմքերից էր։ Նրանց կապն ազդել է պետական կառավարման լայն ոլորտների վրա՝ հատկապես «Կառավարման արդյունավետության վարչության» միջոցով, որը ստեղծվել էր գործադիր հրամանագրով եւ գործում էր Մասկի խորհրդատվությամբ։
Մասկը, որը ժամանակին Թրամփի՝ Ֆլորիդայի հանգստյան տան եւ Սպիտակ տան մշտական հյուրն էր, այժմ դեմ է դուրս եկել ԱՄՆ նախագահին։ Նրա դժգոհության պատճառը նոր օրենքի նախաձեռնությունն է, որը Ներկայացուցիչների պալատն ընդունել է մայիսի 22-ին։ Հաջորդ քայլը Սենատում քննարկումն է, որպեսզի այն դառնա օրենք։
Դրանից մի քանի օր անց Թրամփը հետ է կանչել Ջարեդ Այզաքմանի՝ NASA-ի ղեկավարի պաշտոնում նշանակման իր թեկնածությունը, որն ընտրվել էր Մասկի կողմից։ Այս քայլը լայնորեն ընկալվել է որպես Թրամփ-Մասկ հարաբերությունների վատթարացման նշան, սակայն նրանք դեռ հրապարակավ լավ հարաբերություններ էին ցույց տալիս։
Այս շաբաթ տրամադրությունը կտրուկ փոխվել է՝ շատ հրապարակային եւ սուր հակամարտության ձեւով։
I’m sorry, but I just can’t stand it anymore.
— Elon Musk (@elonmusk) June 3, 2025
This massive, outrageous, pork-filled Congressional spending bill is a disgusting abomination.
Shame on those who voted for it: you know you did wrong. You know it.
«Ներողություն եմ խնդրում, բայց էլ չեմ կարող հանդուրժել: Այս ահռելի, աներեւակայելի վատ, շահադիտական ծախսերով լցված Կոնգրեսի օրինագիծը զազրելի ամոթալիք է։ Ամոթ նրանց, ովքեր քվեարկել եք դրա օգտին. դուք գիտեք, որ սխալ էիք։ Գիտեք»,- X-ում գրել է Մասկը։
Օրինագիծը ներկայացվում է հարկերի նվազեցման եւ ամերիկյան բիզնեսների մեջ ներդրումներ կատարելու նախաձեռնություն։ Կոնգրեսի բյուջետային գրասենյակը (CBO), սակայն, հաշվարկել է, որ այն կկրճատի հարկերը 3.7 տրիլիոն դոլարով, բայց հաջորդ 10 տարում կավելացնի ազգային պարտքը 2.4 տրիլիոն դոլարով եւ կբարձրացնի երկրի պարտքը 4 տրիլիոն դոլարով։ Այս ազդեցությունն ԱՄՆ-ի արդեն իսկ խորացող պարտքային ճգնաժամի վրա ստիպել է երկու հանրապետական սենատորների՝ Ռենդ Փոլին (Կենտուկի) եւ Ռոն Ջոնսոնին (Վիսկոնսին) դուրս գալ իրենց կուսակցության դիրքորոշումից եւ դեմ լինել օրինագծին։
Օրինագիծը նաեւ մշտական է դարձնում Թրամփի առաջին պաշտոնավարման ժամանակ ընդունված Հարկերի եւ Աշխատատեղերի օրենքի հետեւանքները՝ չնայած տնտեսագետները պարզել են, որ այդ օրենքն ավելի շատ օգուտ է բերել ամենահարուստ ամերիկացիներին, քան անապահովներին։ Թրամփի նոր օրինագծում ներառված հարկային լրացուցիչ կրճատումներից նույնպես հիմնականում կօգտվեն հարուստ ընտանիքները:
Մասկը ճիշտ է այն հարցում, որ օրինագծին կողմ քվեարկած որոշ ներկայացուցիչներ արդեն ափսոսում են իրենց որոշման համար։ Մարջորի Թեյլոր Գրինը (Ջորջիա) խոստովանել է, որ ամբողջությամբ չի կարդացել հազար էջանոց օրինագիծը եւ ափսոսում է դրան աջակցելու համար, քանի որ այն կխոչընդոտի առանձին նահանգներին արհեստական բանականության կարգավորումը առաջիկա տասնամյակի ընթացքում։
Թրամփի եւ Մասկի վեճն էլ ավելի է սրվել հունիսի 5-ին, երբ նախագահին հարցրել էին Իլոն Մասկի օրինագծի մերժման մասին։
Թրամփը պնդել էր, որ Մասկը լավ ծանոթ էր օրինագծի մանրամասներին, սակայն բարկացել է, երբ իմացել է, որ այն վնասելու է բիզնես շահերին։
NEW: Trump speaks on Elon coming out against the BBB
— Autism Capital (@AutismCapital) June 5, 2025
“I would have won Pennsylvania regardless of Elon…I’m very disappointed with Elon. He knew this bill better than anyone and he only developed a problem when he found out I would cut the EV mandate…
When he left he said… pic.twitter.com/O0OfkqmOUd
«Նրան սկսեց չգոհացնել միայն այն ժամանակ, երբ իմացավ, որ մենք պատրաստվում ենք չեղարկել էլեկտրական մեքենաների պահանջը», - ասել է Թրամփը՝ նկատի ունենալով քաղաքականությունները, որոնք խրախուսում են էլեկտրական մեքենաների արտադրությունն ու վաճառքը, ինչպիսիք Tesla-ն է. «Սա միլիարդավոր դոլարների հարց է»։
Մասկը հետագայում հայտարարել է, որ հենց իր շնորհիվ է Թրամփը հաղթել ընտրություններում։
«Անձամբ իմ օգնության բացակայության դեպքում Թրամփը կպարտվեր, դեմոկրատներն այժմ կհսկեին Ներկայացուցիչների պալատը, իսկ Սենատում հանրապետականներն ընդամենը 51-49 կլինեին», - գրել է Մասկը X-ում։
Երկու գործարարներն էլ շարունակել են փոխադարձ վիրավորանքներ հնչեցնել իրենց սոցիալական մեդիայի հարթակներում։
«Ես ասացի Մասկին հեռանալ, հանեցի էլեկտրական մեքենաների պարտադիր պահանջը, որը ստիպում էր բոլորին գնել այնպիսի մեքենաներ, որ ոչ ոք չէր ուզում (եւ նա ամիսներ շարունակ գիտեր, որ ես դա անելու եմ), ու նա ուղղակի ԽԵԼԱԳԱՐՎԵՑ», - գրել է Թրամփը Truth Social-ում։
Մեկ այլ հրապարակման մեջ Թրամփը ավելացրել է. «Մեր բյուջեում միլիարդավոր դոլարներ գումար խնայելու ամենապարզ ձեւը՝ Իլոնի պետական սուբսիդիաներն ու պայմանագրերն ավարտելն է։ Ես միշտ զարմանում էի, որ Բայդենը դա չէր անում»։
Մասկը տեղադրել է Թրամփի հրապարակման սքրինշոթը եւ գրել, որ այդ հայտարարությունից հետո կդադարեցնի SpaceX-ի Dragon տիեզերանավի գործունեությունը։ Dragon-ը միակ ամերիկյան տիեզերանավն է Միջազգային տիեզերական կայան (ՄՏԿ) անձնակազմեր տանելու եւ հետ հասցնելու համար։ Ռուսական կողմից թռիչքներն իրականացվում են Soyuz տիեզերանավերով։ Հունիսի 6-ին Մասկը հայտարարել է, որ մտափոխվել է Dragon տիեզերանավերը շահագործումից հանելու վերաբերյալ։
Մասկը շարունակել է X-ում նախագահին ուղղված քննադատական գրառումների շարքը՝ չնայած նրան, որ նախկինում 288 միլիոն դոլար էր ծախսել Թրամփի օգտին։
Մասկն ավելացրել է, որ Թրամփի ներմուծած մաքսատուրքերը կհանգեցնեն ռեցեսիայի այս տարվա երկրորդ կեսին, եւ X-ում աջակցել է այն գրառմանը, որ Թրամփին պետք է իմփիչմենթ հայտարարել։
Չնայած այս հրապարակային վեճը վերածվել է X-ում հակադարձող գրառումների՝ փորձագետների կանխատեսմամբ, աշխարհի ամենահարուստ մարդու եւ գործող նախագահի հակամարտությունը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ տեխնոլոգիական ոլորտի վրա։
Մասկի օրինակին հետեւելով՝ մյուս տեխնոլոգիական միլիարդատերերը՝ Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Google-ի գործադիր տնօրեն Սունդար Պիչայը, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը եւ Apple-ի ղեկավար Թիմ Քուքը, նույնպես նվիրաբերություններ էին կատարել Թրամփի պաշտոնամուտի հիմնադրամին։ Թրամփի քաղաքական որոշումներն արդեն իսկ բացասաբար են անդրադարձել այդ ընկերություններից մի քանիսի վրա՝ միջազգային ներմուծման նկատմամբ խիստ մաքսատուրքերի կիրառմամբ։