Կառավարության որոշմամբ՝ Եղեգնաձորի վարժարանին ամրացված անշարժ գույքից հողամասը կառանձնացվի եւ անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր հիմնելու նպատակով:

«Թումոն տուփի մեջ» ծրագիրը նպատակաուղղված է ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների եւ գյուղերի երեխաների համար հասանելի դարձնելուն: Թումո կենտրոնի շահառուները 12-18 տարեկան երեխաներն են, ամբողջ կրթական ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով:

«Մեր երկրում գործում է 6 խոշոր կենտրոն եւ դրանց կից 35 տուփ, որտեղ շաբաթական հաճախում է ավելի քան 21 000 երեխա: Սա թույլ է տվել, որպեսզի մենք ոչ ֆորմալ կրթական ծրագրերը դարձնենք հասանելի մեր երկրի ամենատարբեր բնակավայրերում: 

Մասնավորապես՝ Տավուշի մարզում գործում է Դիլիջանի կենտրոնը՝ կից 11 տուփով եւ այստեղ 2200 երեխա է ամեն շաբաթ հաճախում: Շիրակի մարզում ունենք Գյումրու կենտրոն՝ կից 10 տուփով, ամեն շաբաթ այցելում է 3300 երեխա: Սյունիքի մարզում այս տարի բացվեց Կապանի կենտրոնը եւ կից 3 տուփը, ամեն շաբաթ ընդունում են 1200 երեխայի, երրորդ տուփը բացվել է Գորիսում մի քանի օր առաջ: 

Տավուշի մարզում գործում է Կողբի կենտրոնը՝ կից 4 տուփով, ամեն շաբաթ հաճախում է շուրջ 1000 երեխա: 

Վայոց ձորում արդեն իսկ ունեինք Եղեգնաձորում ժամանակավոր կենտրոն: Այս նոր ստեղծված հնարավորությունը կընդլայնի երեխաներին ընդունելու հնարավորությունները եւ ավելի մեծ թվով երեխաներ կկարողանան հաճախել: 

Կից գործում է նաեւ 3 տուփ Վայոց ձորի տարբեր բնակավայրերում՝ ամեն շաբաթ շուրջ 800 երեխա ընդգրկելով: Առաջին կենտրոնը, որը բացվել է 2011-ին Երեւանում «Թումո Երեւանը»՝ 4 կից տուփով, ամեն շաբաթ ընդունում է ավելի քան 12 200 ուսանող: 

Թումոն ընդլայնվում է նաեւ աշխարհի տարբեր երկրներում. հունիսի 1-ին Ճապոնիայում բացվեց, մի քանի օր առաջ Ուրուգվայում Թումոյի բացման մեկնարկի արարողությունն էր»,- կառավարության նիստին ասել է Ժաննա Անդրեասյանը: