11:27 | 23.06.25 | Նորություններ | 328
EdPad Arm ՏՏ ընկերության նախաձեռնությամբ եւ Ucom-ի աջակցությամբ Երեւանի Միքայել Նալբանդյանի անվան №33 հիմնական դպրոցում կայացել է պաշտոնական միջոցառում՝ նվիրված դպրոցական ուսուցման համար նախատեսված ժամանակակից թվային լուծումների փորձարկման պիլոտային նախագծի հաջող ավարտին:
Նախագիծը «Թվային դասարան» համալիր լուծում է՝ հիմնված EdPad կրթական պլանշետի եւ Samsung Flip Pro ինտերակտիվ տախտակի վրա: Պիլոտային նախագծին, որը տեւել է մեկ ուսումնական տարի, մասնակցել են №33 դպրոցի մանկավարժներն ու մի քանի դասարանների աշակերտները:
Նախագծի կազմակերպիչն ու «Թվային դասարան» համալիր լուծման հեղինակն է հայկական EdPad Arm ՏՏ ընկերությունը:
Ucom-ը հանդես է եկել նախագծի պաշտոնական գործընկեր՝ փորձարկման ամբողջ ընթացքում տրամադրելով բարձր արագությամբ շարժական ինտերնետ, որը ուսուցիչներին եւ աշակերտներին մեծ թվով կրթական, տեղեկատվական եւ զարգացնող ռեսուրսների հասանելիություն է տվել:
EdPad կրթական պլանշետը նորարար լուծում է, որն ընդգրկում է ժամանակակից Samsung պլանշետը, վնասակար տեղեկատվությունից աշակերտին պաշտպանող հատուկ ծրագրային ապահովումը, պլանշետների մեջի բովանդակության հեռակա կառավարման համակարգը, դասարանի կառավարման համակարգը, ինչպես նաեւ կրթական, տեղեկատվական, զարգացնող եւ կիրառական բովանդակության լայն ընտրանի՝ էլեկտրոնային ուսումնական գրքեր, թվային գրադարաններ, կրթական հարթակներ եւ այլն:
«Իր ամենօրյա աշխատանքում, ինչպես նաեւ մեր սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակում Ucom-ը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանում տեխնոլոգիաների զարգացմանը, եւ իհարկե որակյալ տեխնոլոգիական կրթությունը չափազանց կարեւոր է դրա համար։ Ուստի մենք ուրախ ենք եւ միշտ պատրաստակամ ենք աջակցելու նման առաջադեմ կրթական ծրագրերին, քանի որ գիտակցում ենք հեռահաղորդակցության նշանակությունը կրթության համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին եւ ընկերներին, որոնք օգնել եւ աջակցել են այս նախագծի իրականացմանը։ Մեր կողմից էլ մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի դպրոցականներն ու ուսուցիչները կարողանան օգտվել ամենաթարմ եւ ժամանակակից թվային լուծումներից», - նշել է EdPad Arm-ի գործադիր տնօրեն Յուրի Սարապենյան:
«Թվային դասարան» համալիր լուծումը կարող է կայուն հիմք դառնալ Հայաստանի դպրոցական կրթության համակարգի թվայնացման համար: