Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է միջազգային CirculUP!  շրջանաձեւ տնտեսության համաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկմանը, որը տեղի է ունեցել Դիլիջանի միջազգային դպրոցում։

ԵՄ կողմից ֆինանսավորվող «CirculUP!․ Հայաստանում շրջանաձեւ տնտեսությունը հանրայնացնելու կարողությունների զարգացում եւ իրազեկվածության բարձրացում» ծրագրի եւ Impact Hub միջազգային ցանցի կազմակերպած համաժողովը համախմբել է ավելի քան 150 մասնակցի՝ 40-ից ավելի երկրից։

Միջոցառման նպատակն է ուսումնասիրել թափոնազերծ ապագայի կառուցման գործնական լուծումները՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Համաժողովը միաժամանակ հանդիսանում է Impact Hub Global Gathering 2025 համաշխարհային հավաքի գլխավոր միջոցառումը, որն առաջին անգամ է անցկացվել Հայաստանում։

Միջոցառման ընթացքում պաշտոնապես ազդարարվել է խնդիրների վրա հիմնված էկոհամակարգերի ձեւավորման մեթոդաբանության մեկնարկի մասին, որը մշակվել է Impact Hub Global-ի կողմից։ Այս մեթոդաբանության նպատակն է խաչաձեւ համագործակցության միջոցով խթանել տեղական կայուն զարգացման ջանքերը՝ պետական, մասնավոր եւ քաղաքացիական հասարակության միջեւ։

«Հայաստանում մեր փորձը ցույց է տալիս, թե ինչ է նշանակում դուրս գալ փորձնական ծրագրերի շրջանակներից եւ ստեղծել իրական էկոհամակարգեր, որտեղ քաղաքականություն մշակողները, ձեռնարկատերերը, ներդրողները եւ հասարակության ներկայացուցիչները համատեղ ձեւավորում են երկարաժամկետ լուծումներ», - նշել է Իմփաքթ Հաբ-ի գործադիր տնօրեն Տատյանա Գլադը։

Ռալֆ Յիրիկյանը հանդես է եկել «Հայաստանի շրջանաձեւ տնտեսության ներուժի բացահայտումը․ տեսակետներ ոլորտից» խորագրով մասնագիտական պանելային քննարկմանը։ Իր ելույթում նա շեշտել է խոշոր ընկերությունների դերը շրջանաձեւ ստարտափների աջակցման գործում՝ ներկայացնելով, թե ինչպես կարող են այդ ընկերությունները իրենց գնումների քաղաքականության եւ մատակարարման շղթայի պատասխանատու կառավարման միջոցով նպաստել կայուն նորարարությանը։

«Այսօր աշխարհը շարժվում է շրջանաձեւ տնտեսության ուղղությամբ, եւ մենք՝ Ucom-ում, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, լիովին գիտակցում ենք, թե որքան կարեւոր է այդ փոփոխության մի մաս լինել։ Շրջանաձեւ տնտեսությունը պարզապես միտում չէ՝ այն ապագայի բիզնես մոդելն է, եւ մենք հպարտ ենք աջակցել նման նախաձեռնություններին, որոնք կարող են այս ուղղությամբ իրական փոփոխություն բերել», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մեր CirculUP! ծրագրից քաղած ամենամեծ դասերից մեկն այն է, որ նույնիսկ փոքր երկրներում համակարգային փոփոխություն հնարավոր է, եթե մենք բաց ենք համագործակցության համար»,- հավելել է CirculUP! ծրագրի ղեկավար Անի Բաբումյանը։

Նշվում է, որ սա արդեն երկրորդ տարին է, ինչ Ucom-ը եւ Իմփաքթ Հաբ Երեւանը համագործակցում են «Ucom Ֆելլոուշիփ» ծրագրի շրջանակում, որն այս անգամ կենտրոնացած է շրջանաձեւ տնտեսության լուծումների վրա։ Համաժողովն անցկացվել է Հայաստանում շրջանաձեւ տնտեսության նկատմամբ աճող հետաքրքրության ֆոնին, եւ Ucom-ը շարունակում է համադրել կորպորատիվ առաջնորդությունն ու ստարտափ նորարարությունը՝ աջակցելով իր կողմից նախաձեռնվող կայուն զարգացման ծրագրերին։