OpenAI-ը սկսել է վերանայել աշխատակիցների աշխատավարձը, երբ Meta-ն փորձել է գրավել իր գիտնականներին։ 

OpenAI-ի գլխավոր գիտնական Մարկ Չենը ներքին հաղորդակցության ալիքում գրել է, թե «այնպիսի զգացողություն է՝ կարծես ինչ-որ մեկը ներխուժել է տուն եւ ինչ-որ բան գողացել», այս մասին հայտնում է Wired-ը։

Նա ասել է, որ ընկերությունը «անգործ չի նստում». ինքը, գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը եւ այլ ղեկավարներ շուրջօրյա շփվում են առաջարկներ ստացողների հետ, վերանայում աշխատավարձը եւ փնտրում նրանց պարգեւատրելու եղանակներ։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Meta-ն OpenAI-ից վարձել է առնվազն ութ հետազոտողի։

Հունիսի սկզբին Bloomberg-ը տեղեկացել էր, որ Մարկ Ցուկերբերգը ստեղծում է արհեստական ընդհանուր ինտելեկտ (AGI) ստեղծելու թիմ եւ գրավում է OpenAI-ի եւ Google-ի աշխատակիցներին։ 

Ցուկերբերգը նաեւ փորձել է պայմանագիր առաջարկել OpenAI-ի համահիմնադիր Իլյա Սուցկեւերին, բայց ապարդյուն։ Հունիսի 17-ին OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը հայտարարել էր, որ Meta-ն իր թիմի անդամներին առաջարկել է 100 միլիոն դոլարի բոնուս եւ տարեկան փոխհատուցում, սակայն «լավագույն աշխատակիցներից» ոչ մեկ չի համաձայնվել։

Meta-ն նաեւ 14.3 միլիարդ դոլար է ներդրել Scale AI ստարտափում եւ վարձել դրա գործադիր տնօրեն Ալեքսանդր Վանգին՝ AGI մշակման թիմը ղեկավարելու համար։