Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) հիմնվել է S212 STEM սոցիալական նորարարական ինկուբատոր։ 

Ամերիկյան փորձի հիման վրա մշակված ձեռնարկատիրական կրթական ծրագրի իրականացմամբ նորաստեղծ ինկուբատորը կաջակցի ուսանողների ձեռնարկատիրական գաղափարների իրականացմանը՝ տրամադրելով անհրաժեշտ գիտելիք, գործիքակազմ եւ մենտորություն։ 

Ծրագրի շրջանակում ուսանողների համար կիրականացվեն ձեռնարկատիրության նոր դասընթացներ, կհզորացվեն դասախոսական եւ վարչական աշխատակազմերի կարողությունները եւ համատեղ կիրականացվի միջազգային ուսումնական COIL նախագիծը։

Ծրագիրն իրականացվել է ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ, ամերիկյան եւ հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ ՀՊՏՀ եւ Ֆլորիդայի պետական համալսարանի համագործակցության զարգացման շրջանակում։

Համագործակցության պաշտոնական մեկնարկի միջոցառմանը մասնակցում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, Ֆլորիդայի պետական համալսարանի Ջիմ Մորանի ձեռնարկատիրության դպրոցի դեկանի տեղակալ, պրոֆեսոր Էրիկ Լիգուորին, ինչպես նաեւ՝ հյուրեր ԱՄՆ-ից։ 

«Այս ծրագիրն արտացոլում է մեր ընդհանուր հանձնառությունը՝ առաջ մղելու համատեղ նախաձեռնությունները՝ համադրելով ամերիկյան արժեքավոր փորձառությունը եւ հայկական ներուժը։ Մենք սկսում ենք վերափոխման մի գործընթաց՝ ոգեշնչելու նոր սերնդի ձեռնարկատերերին։ Մենք հավատում ենք, որ ձեռնարկատիրությունը միայն բիզնես հիմնելը չէ։ Այն սոցիալական առաջընթացի, աղքատության նվազեցման եւ համայնքների կայուն զարգացման հզոր գործիք է», - նշել է ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Գրիգորյանը։

«Ուրախ եմ աջակցել ԱՄՆ - Հայաստան ակադեմիական համագործակցության նոր էջի բացմանը՝ Ֆլորիդայի պետական համալսարանի եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջեւ այս կարեւոր գործընկերության մեկնարկով։ Մենք համատեղ ներդրումներ ենք կատարում այնպիսի հմտությունների ձեւավորման ուղղությամբ, որոնք կդառնան մեր երկու երկրների առաջընթացի եւ բարեկեցության շարժիչ ուժը»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։

Ֆլորիդայի պետական համալսարանի Ջիմ Մորանի ձեռնարկատիրության դպրոցի դեկանի տեղակալ, պրոֆեսոր Էրիկ Լիգուորին նշել է, որ իրենց առաքելությունն է կրթել եւ զարգացնել նոր սերնդի այնպիսի ներկայացուցիչներ, որոնք համակողմանի պատկերացում կունենան ձեռնարկատիրության էության եւ STEM ոլորտի ներուժի մասին։