14:42 | 22.07.25 | Նորություններ | 330
Ucom-ի աջակցությամբ «Արմդրոն Համայնք»-ը կանցկացնի մեկամսյա անվճար կրթական ծրագիր, որը նախատեսված է 12-15 տարեկան պատանիների համար։
Ծրագրի շրջանակում մասնակիցները կստանան թե՛ տեսական, թե՛ գործնական գիտելիքներ FPV դրոնների կառուցվածքի, կառավարման եւ կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ, ինչպես նաեւ կծանոթանան անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հետ աշխատանքի հիմնական սկզբունքներին։
Դասընթացին կմասնակցի 15 պատանի։ Մասնակիցները կընտրվեն հիմնվելով նրանց մոտիվացիայի, հետաքրքրվածության եւ համայնքի նախորդ նախաձեռնություններին ցուցաբերած ակտիվ ներգրավվածության վրա։ Դասընթացի ավարտին մասնակիցները կհանձնեն տեսական եւ գործնական քննություն եւ կստանան հավաստագրեր: Լավագույն ուսանողները կձեւավորեն հավաքական թիմ՝ ներկայացնելու Հայաստանը միջազգային հարթակներում։
«Ucom-ում մենք առանցքային տեղ ենք տալիս երիտասարդների շրջանում տեխնոլոգիական կրթության զարգացմանը։ Դրոնների կառավարումը ոչ միայն արդիական ոլորտ է, այլեւ՝ գործնական հմտություն, որը կարող է ստեղծել իրական հեռանկարներ։ Մեր նպատակն է աջակցել երիտասարդներին ստանալ որակյալ կրթություն, որն էլ իր հերթին կնպաստի թե՛ սեփական հաջողությունների ձեռքբերմանը, թե՛ թվային Հայաստանի զարգացմանը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Ամեն տարի մեր համայնքը գրանցում է նորանոր հաջողություններ։ Ընկերական եւ փոխօգնության միջավայրը տարեցտարի ընդլայնվում է։ Փոքր, բայց հստակ քայլերով մենք շարժվում ենք առաջ՝ հնարավորություն տալով պատանիներին եւ երիտասարդներին մասնագիտանալ այս ոլորտում, մրցել աշխարհի ուժեղագույն մարզիկների հետ եւ զարգացնել FPV դրոնների կրթական ու սպորտային միջավայրը Հայաստանում» - նշել է «Արմդրոն Համայնք» ՀԿ-ի հիմնադիր Հայկ Կարապետյանը։
Գրանցումը բաց է, բոլոր ցանկացողները կարող են անցնել համապատասխան հղումով եւ լրացնել գրանցման հայտը։
Մասնակիցների տեղերը սահմանափակ են։ Խմբերի կազմավորումից հետո կհրապարակվեն դասընթացի բոլոր մանրամասները՝ անցկացման ժամանակացույցը եւ վայրը։