YoHealth-ն սկսել է նոր համագործակցություն IMAST բարեգործական հարթակի հետ։ Այսուհետ YoHealth հավելվածի օգտատերերը հնարավորություն կունենան դրամայնացնել իրենց քայլերը եւ կուտակված միջոցներն ուղղել IMAST հարթակում ներկայացված բարեգործական նախագծերին։

IMAST-ը Հայաստանի առաջին բարեգործական հավելվածն է, որը հնարավորություն է տալիս միայն նախապես ստուգում անցած բարեգործական կազմակերպություններին իրականացնել դրամահավաքներ եւ գտնել նոր դոնորներ աշխարհի ցանկացած կետից։ YoHealth նորարարական բջջային հավելվածում օգտատերերը կարող են իրենց քայլերը փոխանակել նվերների, ապրանքների, թվային ակտիվների, իսկ այսուհետ նաեւ նվիրաբերել։

Նվիրատվություն կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել YoHealth հավելված, անցնել «Բարեգործություններ» բաժին, ընտրել ոլորտը (առողջապահություն, կրթություն, կենդանիների խնամք, սոցիալական նախաձեռնություններ), այնուհետեւ նշել նվիրատվության չափը։ Հանգանակված միջոցները փոխանցվում են ստուգված շահառու կազմակերպությունների պաշտոնական հաշվեհամարներին, իսկ յուրաքանչյուր նախագծի համար տրամադրվում է բյուջեի բաշխման փաստաթուղթ։ Սա հնարավորություն է տալիս նվիրաբերողներին նախապես հստակ իմանալ՝ իրենց աջակցությունն ինչ ճանապարհ է անցնելու եւ ինչ ազդեցություն է ունենալու։

«Նմանատիպ նախաձեռնությունները եւս մեկ անգամ փաստում են YoHealth հարթակի ընձեռած լայն հնարավորությունների մասին։ Դառնալով հարթակի օգտատեր՝ հնարավոր է ոչ միայն վարել առողջ ապրելակերպ, ձեր քայլերը փոխանակել տարբեր պարգեւներով ու ծառայություններով, այլեւ մասնակցել նմանատիպ նախագծերի՝ կատարելով նվիրաբերություններ»,- ասել է YoHealth-ի ներկայացուցիչ Միքայել Վեքիլյանը: