12:43 | 19.09.25 | Նորություններ | 287
Ucom-ն ընդլայնում է իր 5G ցանցը եւս չորս քաղաքում՝ Բյուրեղավանում, Ճամբարակում, Վայքում եւ Արտաշատում։
Ընկերության ամենալայն 5G ծածկույթը հասանելի է արդեն 42 քաղաքում, տասնյակ բնակավայրերում, ինչպես նաեւ Մայլեռ Մաունթին Ռեզորթում, Երեւան–Դիլիջան մայրուղու երկայնքով, Բագրատաշեն, Բավրա եւ Ագարակ սահմանային անցակետերում։ Այսօր արդեն Հայաստանի բնակչության ավելի քան 91 տոկոսը հնարավորություն ունի օգտվել արագ ու հուսալի շարժական ինտերնետից։
Վերջին տարիներին ենթակառուցվածքների արդիականացումը Ucom-ի հիմնական առաջնահերթություններից է։ Նորագույն լուծումների ներդրման շնորհիվ բաժանորդները կարող են վայելել բարձրորակ տեսազանգեր, իրական ժամանակում կիսվել մեծածավալ տվյալներով եւ լիարժեք օգտվել նոր սերնդի խելացի տեխնոլոգիաներից։
«Մենք շարունակաբար իրականացնում ենք ենթակառուցվածքների արդիականացման ծրագրեր, որի շնորհիվ արդեն Բյուրեղավանի, Ճամբարակի, Վայքի եւ Արտաշատի բնակիչներն էլ միանում են մեր 5G ցանցի ընդլայնվող համայնքին։ Հայաստանում ունենալով ամենալայն 5G ծածկույթը՝ Ucom-ը պատրաստ է շարունակել այս զարգացումը՝ ապահովելով մեր բաժանորդների համար առաջատար թվային փորձառություն եւ բարձրորակ կապ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Բացի շարժական ցանցի զարգացումից, Ucom-ը մեծ ներդրումներ է իրականացնում նաեւ ֆիքսված կապի ոլորտում՝ բարելավելով ինտերնետի եւ հեռուստատեսության որակը։ Ընկերության տեխնիկական թիմը մշտապես տեղադրում է նոր կայաններ եւ ներդնում պահուստային համակարգեր՝ ապահովելով ծառայությունների անխափանությունը։
Շարունակվող լայնածավալ արդիականացման արդյունքում Ucom-ի բաժանորդները ստանում են ոչ միայն ավելի արագ, այլեւ միջազգային հեռահաղորդակցական ստանդարտներին համահունչ, հուսալի կապ։
Ֆիքսված եւ շարժական կապին հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաեւ 5G ցանցի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։