12:07 | 19.12.25 | Նորություններ | 130
Ucom-ի աջակցությամբ «Արեւորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում․ քաղաքային բնությունը՝ երիտասարդների աչքերով» կրթական ծրագիրը։
Նպատակն է տեխնոլոգիաների միջոցով խթանել բնապահպանական կրթությունն ու բարձրացնել դպրոցականների իրազեկվածությունը քաղաքային կենսաբազմազանության վերաբերյալ։
Ծրագրի շրջանակում Հայաստանի տարբեր դպրոցներում եւ համայնքներում տեղադրվել է տասը BirdBuddy խելացի կերաման-տեսախցիկ։ Դրանց միջոցով դպրոցականները իրական ժամանակում դիտարկում են թռչուններին եւ արհեստական բանականության օգնությամբ սովորում ճանաչել դրանց տեսակները։
Թվային գործիքների կիրառմամբ աշակերտները նոր ձեւաչափով են ուսումնասիրում բնությունը եւ ավելի ակտիվ ներգրավվում շրջակա միջավայրի պահպանության գործընթացում։
Նախաձեռնության շնորհիվ հարյուրավոր երեխաներ, այդ թվում՝ Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի աշակերտները, վերապատրաստված ուսուցիչների աջակցությամբ ծանոթանում են տեղի կենսաբազմազանությանը։ Նրանք ուսումնասիրում են, թե ինչպես են եղանակային պայմաններն ու միջավայրը ազդում թռչունների վարքի վրա, վարում են գիտական օրագրեր եւ իրականացնում քարտեզագրումներ։
«Ucom-ում մենք հավատում ենք, որ տեխնոլոգիան կարող է ոչ միայն կապել մարդկանց, այլեւ օգնել երեխաներին ավելի գիտակից կերպով ճանաչել եւ պահպանել իրենց շրջակա միջավայրը։ Այս ծրագիրը միավորում է կրթությունը, նորարարությունն ու բնության հանդեպ պատասխանատվությունը՝ ձեւավորելով ավելի տեղեկացված եւ հոգատար սերունդ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Այս գործընկերությունը հիանալի օրինակ է, թե ինչպես կարող են տեխնոլոգիական լուծումները հարստացնել կրթական գործընթացը։ Երբ համադրվում են բնական հետաքրքրասիրությունը, բնության հանդեպ սերն ու նորարարությունը, երեխաները սկսում են նորովի ընկալել իրենց միջավայրը եւ դառնում դրա ակտիվ պահապանները», - ասել է «Արեւորդի» ՀԿ տնօրեն Սոնա Քալանթարյանը։
BirdBuddy համակարգը հավաքագրում է բացառապես թռչունների վերաբերյալ տվյալներ, իսկ երեխաների լուսանկարահանում չի իրականացվում՝ ապահովելով տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը։
Նախաձեռնությունը եւս մեկ անգամ հաստատում է, որ թվային տեխնոլոգիաների եւ բնապահպանական կրթության համադրությունը կարող է նշանակալի դրական ազդեցություն ունենալ երիտասարդների զարգացման եւ պատասխանատու քաղաքացի ձեւավորելու գործում։