Հայաստանի ամերիկյան համալսարան կորպորացիայի (ՀԱՀԿ) խորհրդին է միացել NVIDIA-ում Omniverse-ի եւ Simulation Technology-ի փոխնախագահ Ռեւ Լեբարեդեանը։

Հոգաբարձուների խորհուրդն առանցքային դեր է կատարում համալսարանի աճի եւ զարգացման հարցում, իսկ խորհրդի անդամների համատեղ փորձն ու ներդրված ջանքերն ուղղորդում են ՀԱՀ-ին ռազմավարական որոշումների կայացման գործընթացում։ 

Խորհրդի անդամներն ակտիվորեն ներգրավված են ՀԱՀ-ի ներքին կանոնակարգերի մշակման գործընթացում, վերահսկում են համալսարանի ֆինանսական կայունությունը եւ նպաստում են ՀԱՀ-ի դիրքի ամրապնդմանը՝ որպես Հայաստանի բարձրագույն կրթության առաջատար հաստատություն։

Ռեւ Լեբարեդեանը համակարգչային գրաֆիկայի ոլորտում ունի ավելի քան երեք տասնամյակի փորձ։ Իր կարիերայի ընթացքում նա աշխատել է Warner Bros. Digital-ում եւ Disney Dream Quest Images-ում, իսկ հետագայում հիմնել է սեփական ընկերությունը՝ Steamboat Software-ը։

Վիզուալ էֆեկտների առաջատար ստուդիաներն օգտագործել են ռենդերինգի եւ ծավալային ալգորիթմների ոլորտում կատարված նրա աշխատանքները բազմաթիվ հանրաճանաչ ֆիլմերում, ինչպիսիք են «Stuart Little»-ը, «Dr. Seuss’ How the Grinch Stole Christmas»-ը, «X-Men 2»-ը եւ այլն։

2002 թ․-ին միանալով NVIDIA ընկերությանը՝ Լեբարեդեանը սկսել է աշխատել ծրագրավորվող գրաֆիկական պրոցեսորների (GPU) համար նախատեսված առաջին շեյդինգային լեզվի վրա։ Այդ ժամանակից ի վեր` նա ղեկավարել է թիմեր, որոնք լուծել են տեխնոլոգիական բարդ եւ բազմաբնույթ խնդիրներ։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Լեբարեդեանը եւ նրա ղեկավարած թիմերը համադրում են ռենդերինգի, ֆիզիկական սիմուլյացիաների եւ արհեստական բանականության ոլորտներում NVIDIA-ի կողմից մշակված առաջատար լուծումները՝ ձեւավորելով ֆիզիկապես ճշգրիտ վիրտուալ աշխարհների ստեղծման եւ սիմուլյացիայի համար նախատեսված մեկ միասնական հարթակ, որը կոչվում է NVIDIA Omniverse։

Ներկայում նա ղեկավարում է NVIDIA Omniverse-ի պրոդուկտային, ինժեներական եւ հետազոտական թիմերը․ սա բաց հարթակ է, որը հնարավորություն է տալիս ծրագրավորողներին ստեղծելու եւ գործարկելու ֆիզիկական արհեստական բանականության եւ ռոբոտային համակարգերի սիմուլյացիոն հավելվածներ։

Լեբարեդեանի խոսքով՝ կրթված հասարակությունը կենսական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության գոյատեւման եւ բարգավաճման համար։ 

«Մեր երկրի միակ բնական ռեսուրսը մեր տաղանդավոր ու աշխատասեր մարդիկ են։ Բարձրագույն կրթությունն այն ուղին է, որի միջոցով կարող ենք բացահայտել Հայաստանի ներուժը, իսկ ՀԱՀ-ի հետ համագործակցության շրջանակում ես հնարավորություն կունենամ իմ փոքր ներդրումն ունենալու այս փոխակերպման գործընթացի արագացման գործում։ Աշխատելով NVIDIA-ում՝ ես սովորել եմ, թե ինչպես երազել լուսավոր ապագայի մասին եւ պահպանել կենսունակությունն ու մրցունակությունն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է այդ երազանքներն իրականություն դարձնելու համար։ Ես հույս ունեմ ՀԱՀ-ում կիրառել NVIDIA-ին հատուկ ռազմավարական մտածողությունն ու առաջնային սկզբունքներից բխող երկարաժամկետ տեսլականի եզակի համադրությունը»,- նշել է Ռեւ Լեբարեդեանը։