Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության (ԱԲ), հեռահաղորդակցության եւ տեխնոլոգիական այլ ուղղությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2018 թվականի համեմատ տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների թիվը Հայաստանում մեծացել է ավելի քան 12 անգամ, դրամաշրջանառությունը աճել է 171%-ով, իսկ ոլորտի աշխատողների թիվն ավելի քան հնգապատկվել է։
Ոլորտի զարգացման համատեքստում վարչապետը կարեւորել է Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների նոր ռազմավարական բնույթը: Ըստ Նիկոլ Փաշինյանի, TRIPP նախագծի շրջանակում կներդրվեն սահմանային եւ մաքսային հսկողության բարձր տեխնոլոգիաներ, դրանք կկիրառվեն նաեւ հանրապետության մյուս սահմանային կետերում, եւ ներառյալ «Զվարթնոց» օդանավակայանում: Այս համատեքստում, վարչապետը կարեւորել է նաեւ բիոմետրիկ անձնագրերի համակարգի ներդրումը:
Հաջորդիվ խոսվել է կառավարման արդյունավետության բարձրացման, կարգավորման ազդեցության գնահատման ինստիտուտի զարգացման գործում արհեստական բանականության ներդրման կարեւորության մասին:
Վարչապետն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը հնարավոր չէ առանց կրթության ոլորտի զարգացման: «Հետեւաբար այն, ինչ մենք իրականացնում ենք հանրակրթության ոլորտում, նախադպրոցական կրթության, մասնագիտական կրթության, բուհական եւ հետբուհական ոլորտներում, այդ ամենը տեխնոլոգիաների մասին է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Քննարկվել են Հայաստանի տեխնոլոգիական եւ թվային ապագայի զարգացման խնդիրներն ու հեռանկարները: Հանդիպման կազմակերպիչն էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։
Քննարկված հարցերի շարքում էին ԱԲ ոլորտում սպասվող քաղաքականությունը, պետության տնտեսական աճի դոկտրինում ԱԲ, բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների դերը, չափելի նպատակները, ինչպես նաեւ ոլորտում կրթական բարեփոխումները, կադրերի վերապատրաստումը եւ նոր մասնագետների զարգացումը։
Վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են ոչ միայն ոլորտի զարգացմանը, այլ նաեւ TRIPP նախագծին, ՀՀ Կառավարության առաջնահերթություններին եւ ծրագրերին։