Հայկական Podcastle-ն այսուհետ կներկայանա Async անունով․ ընկերությունը պաշտոնապես հայտարարել է ռեբրենդինգի մասին։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ռեբրենդինգը չի նշանակում, որ ընկերությունը «վերանում է» կամ գնում է նոր ուղղությամբ՝ կորցնելով իր առաջնային արժեքները։ Ուշագրավ է, որ պահպանվում են բոլոր սոց․ հաշիվները, օգտատերերի պրոֆիլները, բովանդակությունը եւ գործիքները, միայն ընկալումն է մեծանում՝ դուրս գալով փոդքասթից՝ դեպի ամբողջական ստեղծագործական էկոհամակարգ:
«Այն, ինչ սկսվել էր որպես գործիք ստեղծագործողների համար, վերածվել է շատ ավելի լայն ընդգրկում ունեցող պրոդուկտի։
• Ստեղծագործողները մեզ օգտագործում են արագ ձայնագրելու, մոնտաժելու, բարելավելու եւ հրապարակելու համար։
• Թիմերն ու բիզնեսները մեզ են վստահում հետեւողական, բրենդավորված բովանդակություն ստեղծելը՝ առանց ավելորդ ծանրաբեռնվածության։
• Ծրագրավորողներն այժմ մշակում են մեր Async Voice API ձայնային տեխնոլոգիայի միջոցով՝ օգտագործելով ցածր ուշացումով տեքստից խոսք մոդելներ, որոնք նախատեսված են իրական արտադրանքների համար։
Այս փուլում մենք մեկ գործիք չենք։ Մենք հարթակ ենք՝ մեկ ընդհանուր հիմքով։ Async-ն այն անունն է, որը համապատասխանում է այդ իրականությանը»,- նշված է ընկերության պաշտոնական հաղորդագրությունում։
Async-ն այն հովանոցն է, որի տակ ընկերությունը շարունակելու է մշակել եւ ընդլայնել նոր հնարավորություններն ու ֆունկցիաները։