09:47 | 31.01.26 | Նորություններ | 47

«ռեԱրմենիա» ակադեմիան ներդրումներ է ներգրավել եւ դուրս է գալիս միջազգային շուկա

«ռեԱրմենիա» ակադեմիան $ 670,000 է ներգրավել տեղական ու միջազգային մեկ տասնյակից ավելի ներդրողներից՝ ընկերության $ 10 միլիոն ընդհանուր գնահատմամբ։ 

Ներդրումային փուլի ավարտից հետո ստարտափի հիմնական բաժնետերը (90%+) շարունակում է մնալ «ռեԱրմենիա» բարեգործական հիմնադրամը։

Առաջին ներդրումային շրջափուլի ավարտին զուգահեռ «ռեԱրմենիա» ակադեմիան հայտարարում է միջազգային շուկա դուրս գալու մասին՝ Հնդկաստանում մեկնարկելով ռազմավարական համագործակցություն։ 

Հնդկաստանում ակադեմիայի գործընկերն է Հնդկաստանի Bharatiya Vidya Bhavan
կրթական հաստատությունն ու (BVB) եւ #ai4abillion կամավոր, հասարակական նախաձեռնությունը։ 2026 թվականի փետրվարին Հնդկաստանում առաջին անգամ BVB-ին կգործարկվի «Արհեստական բանականություն եւ AI4Bharat» նոր ծրագիրը հինդիով եւ անգլերենով, որը կառուցված է «ռեԱրմենիա» ակադեմիայի մշակած կրթական բովանդակության հիման վրա։ 

«Մեզ վստահված ներդրումը վկայում է այն մասին, որ Հայաստանը սկսում է աշխարհում ընկալվել որպես AI տրանսֆորմացիայի եւ կրթության ոլորտում արագ զարգացող հուսալի հարթակ», - ասել է «ռեԱրմենիա» հիմնադրամի տնօրեն Գեւորգ Պողոսյանը: - Արտաքին շուկաներ դուրս գալով՝ ընկերությունը ամրապնդում է Հայաստանի դիրքերը` որպես կրթություն եւ անհատների ու կազմակերպությունների տրանսֆորմացիային ուղղված տեխնոլոգիաներ արտահանող երկիր»։   

Գեւորգ Պողոսյանը (ձախից) Գեւորգ Պողոսյանը (ձախից)
photo © «ռեԱրմենիա»


«ռեԱրմենիա» ակադեմիան գործում է 3 հիմնական ուղղություններով՝ AI գրագիտության եւ մասնագիտական հմտությունների ծրագրեր, ներառյալ 21-րդ դարի հմտություններ եւ շարունակական կրթություն, AI Agentic Education (AI ագենտների կիրառմամբ կրթություն) հարթակներ, ինչպես նաեւ AI տրանսֆորմացիայի խորհրդատվություն եւ AI  ավտոմատացումներ կազմակերպությունների համար։

2025 թվականի ընթացքում ակադեմիան AI կրթություն է տրամադրել ավելի քան 9 000 անձանց Հայաստանից եւ Սփյուռքից: Այն նաեւ համագործակցում է Հայաստանի տարբեր ոլորտների առաջատար կազմակերպությունների եւ համալսարանների հետ՝ AI կրթությունն ու տրանսֆորմացիան խթանելու նպատակով։

«Ակադեմիայում մեր ուշադրությունը սեւեռում ենք մարդակենտրոն AI-ի վրա, որը բազմապատկում է ստեղծարարությունը, ուսուցումն ու զարգացումը հանրության բոլոր շերտերում։ Առավելագույնը հինգ տարիների ընթացքում առնվազն մեկ միլիոն հայի AI գրագիտությամբ զորացնելու տեսլականով մենք կառուցում ենք մի էկոհամակարգ, որտեղ անհատներն ու կազմակերպությունները շարունակաբար զարգանում են AI-ի գրագետ եւ արդյունավետ կիրառմամբ։ Մեր AI կրթական ծրագրերի եւ AI ագենտներով կրթական հարթակի միջոցով կրթվողները ստանում են անհատականացված կրթակարգերով նորարարական ուսուցում։ Իսկ հաստատությունները անցնում են պարզ ավտոմատացումից դեպի բովանդակային AI տրանսֆորմացիա, որը բազմապատկում է նրանց ներուժը եւ ապահովում թռիչքային աճ»,- նշել է «ռեԱրմենիա» ակադեմիայի գործադիր տնօրեն Ռեբեկա Հակոբյանը։