Վահե Հովհաննիսյանը
17:32 | 09.02.26 | Հոդվածներ | exclusive 142
Երեւանի մշակութային կյանքն ավելի ակտիվ է դառնում եւ հաճախ դժվար է քաղաքի իրական մշակութային զարկերակը բռնելը։ Այսօր ամենահետաքրքիր միջոցառումները հաճախ ծնվում են փոքր համայնքներում ու տարածվում սոց․ հարթակներում ու երբեմն մնում չբացահայտված։ Հենց այդ բացը լրացնելու նպատակով է ստեղծվել Esora հարթակը՝ միջոցառումների նոր ուղեցույց։
Esora-ի ստեղծող Վահե Հովհաննիսյանը iTel.am-ին պատմել է՝ ինչու Eventot-ից հետո վերադարձավ նույն գաղափարին, ինչպես է AI-ը փոխել խաղի կանոնները եւ ինչու են մարդիկ Esora-ի համար ոչ թե շնորհավորում, այլ՝ շնորհակալություն հայտնում։
Eventot-ից մինչեւ Esora․ վերադարձ գաղափարին՝ այլ իրականությունում
Ընկերոջս՝ Արշակի հետ դեռ 2011-ին ստեղծեցինք Eventot-ը։ Այն ագրեգացնում էր տասնյակ հազարավոր միջոցառումներ ամբողջ աշխարհից, սակայն ժամանակներն ու տեխնոլոգիաները այլ էին. շատ դժվար էր այդ ծավալի ինֆորմացիան ավտոմատացված ձեւով մաքրել, որակավորել ու օգտատերերին մատուցել ըստ նախասիրությունների։ Սմարթֆոններն ու մոբայլ հավելվածներն էլ այդքան տարածված չէին։ Հետագայում երկուսս էլ տեղափոխվեցինք Հայաստանից դուրս՝ այլ նախագծերով զբաղվելու եւ Eventot-ը դադարեցրինք։
Esora-ի գաղափարը ծնվեց բոլորովին պատահական՝ ճանապարհորդության ընթացքում։ Երկու ամսով Պորտուգալիայում էի ու փորձում էի հասկանալ՝ ինչ հետաքրքիր միջոցառումներ կան Լիսաբոնում։ Պարզվեց, որ միասնական ու նորմալ աղբյուր պարզապես չկա։ Այսօր լավագույն միջոցառումները հայտարարվում են Instagram-ում, բայց այնտեղ իսկական քաոս է։
Եթե չես հետեւում «ճիշտ» էջերի, ուղղակի չես իմանա՝ ինչ է կատարվում քաղաքում։ Նույնիսկ հետեւելու դեպքում տեղեկատվության հոսքը այնքան մեծ է, որ միջոցառումներ գտնելը կամ օրացույցում ավելացնելը շատ բարդ է ու ժամանակատար։
Խաղի կանոնները փոխող AI-ը
2026-ը լրիվ այլ իրականություն է։ Հիմա արդեն կա արհեստական բանականություն, որի միջոցով կարելի է կառուցվածք ստանալ անձեւ կոնտենտից։
Մի քանի օրում ստեղծեցի գործիք անձնական օգտագործման համար, որն Instagram-ի ալիքներից ագրեգացնում էր Լիսաբոնի լավագույն իվենթները։ Երբ վերադարձա Երեւան, հասկացա, որ այս խնդիրը մեզ համար էլ կարելի է լուծել։ Այն, ինչ սկսվեց որպես փոքր գործիք, 3 ամսում վերածվեց բավականին բարդ ու խելացի համակարգի՝ վեբ կայքով եւ մոբայլ հավելվածներով։
Բացահայտումը որպես առանցք
Այսօր ոչ միայն Երեւանում, այլեւ՝ աշխարհի շատ քաղաքներում կա մի խնդիր․ գոյություն ունեն տոմս վաճառող հարթակներ, որոնց միակ նպատակը վաճառքն է, ոչ թե բացահայտումը։ Նրանց մոտ կգտնեք միայն այն միջոցառումները, որոնց համար հենց իրենք են տոմս վաճառում։
Посмотреть эту публикацию в Instagram
Շուտով նաեւ կավելանան ծանուցումները սիրելի կազմակերպիչների նոր հայտարարությունների դեպքում։ Եվ երրորդ՝ ծրագիրը ժամանակի ընթացքում սովորում է ձեր նախասիրությունները եւ AI-ի օգնությամբ առաջարկում հենց ձեզ համապատասխան միջոցառումներ։
Երեւանի միջոցառումների ամենալայն ծածկույթը
Այս պահին ագրեգացնում ենք տվյալներ ավելի քան 1500 աղբյուրից։ Վստահաբար կարող եմ ասել, որ Երեւանում անցկացվող միջոցառումների ճնշող մեծամասնությունը մեզ մոտ արդեն կա։ Ծածկույթի առումով Esora-ին մոտ այլ հարթակ այս պահին չկա։
Այն սկսվեց որպես կողմնակի նախագիծ (side-project), բայց պոտենցիալն ու շուկայում առկա բացը չափազանց մեծ են այն ուղղակի հոբբի թողնելու համար։ Այս պահին առաջնային նպատակը մարդկանց առավելագույն օգտակար լինելն է։ Ուզում ենք ձեւավորել սովորություն, որ երբ մարդը մտածում է՝ «ի՞նչ անել այսօր», մեքենայաբար բացի Esora-ն։ Եթե հաջողվի դառնալ քաղաքի մշակութային կյանքի գլխավոր ուղեցույցը, դրամայնացումը կդառնա տեխնիկական եւ հեշտ լուծելի խնդիր։ Արագ գումար վաստակելու նպատակ դրված չէ։
Անսպասելի արձագանքներ
Ես ավելի դանդաղ աճ էի կանխատեսում, նման բուռն ընդունելությունն անսպասելի էր։ Շատ նախագծեր եմ ունեցել նախկինում, բայց Esora-ի դեպքում մի շատ հետաքրքիր նրբություն կա. մարդիկ ոչ թե շնորհավորում են նոր պրոդուկտի կապակցությամբ, այլ շնորհակալություն են հայտնում։ Դա ինձ համար ամենամեծ գնահատականն է, նշանակում է՝ իրական ու շոշափելի խնդիր է լուծվում։
Esora-ն ստեղծված է համայնքի համար: Բաց ենք հետադարձ կապի ու համագործակցության համար։ Հավելվածը հասանելի է iOS եւ Android համակարգերով, ինչպես նաեւ վեբ տարբերակով՝ esora.app կայքում։
Նունե Գրիգորյան