16:38 | 13.02.26 | Հարցազրույցներ | exclusive 54

Ռեմ Դարբինյանը` AI ինֆլուենսերների, վտանգների ու 18+ կոնտենտի մասին

Արհեստական բանականությամբ ստեղծված ինֆլուենսերները վերջին տարիներին վերածվել են գլոբալ թրենդի․ բրենդները փորձարկում են նրանց հետ համագործակցությունը, սոցիալական հարթակները փորձում են կարգավորել ալգորիթմները, իսկ հասարակությունը դեռ սովորում է տարբերել իրականն ու գեներացվածը։

Itel.am-ը AI ինֆլուենսերների շուկայի ներկայի ու ապագայի, Հայաստանի ռիսկերի եւ հնարավորությունների մասին զրուցել է ViralMango-ի հիմնադիր Ռեմ Դարբինյանի հետ։ 

- Եկեք սահմանենք «AI ինֆլուենսեր» հասկացությունը եւ ինչո՞վ է այն տարբերվում ավանդական ինֆլուենսերից։

- Առաջինն ու հիմնականը՝ AI ինֆլուենսերը մարդ չէ։ Ավանդական ինֆլուենսերներն իրական մարդիկ են, որոնք ակտիվ վարում են սոցիալական ցանցեր, հրապարակումներ անում, կիսվում իրենց կյանքով ու տարիների ընթացքում կուտակում սոցիալական կապիտալ՝ հետեւորդների մեծ բազա։

AI ինֆլուենսերները ստեղծված են արհեստականորեն․ նրանք գոյություն չունեն ֆիզիկապես։ Ինչ-որ մեկը կարող է նստել ու տասնյակ AI կերպարներ ստեղծել ու սկսել կառավարել դրանց։

Տարբերությունն այն է, որ իրական ինֆլուենսերը հրապարակում է իր կյանքի դրվագները՝ թեկուզ մոնտաժված կամ մշակված, իսկ AI ինֆլուենսերների գրեթե ամբողջ կոնտենտը գեներացված է արհեստական բանականության միջոցով։

Ռեմ Դարբինյանը Ռեմ Դարբինյանը
photo © Մեդիամաքս


Այսօր տեխնոլոգիան հիմնականում բաղկացած է երկու փուլից․ նախ ստանում են կերպարի պատկերը՝ տեքստային նկարագրությամբ, հետո այդ պատկերը փոխանցվում է վիդեո գեներացնող AI-ին, որը շարժում է կերպարը։ Ավելին՝ հիմա արդեն կա «կերպարային պահպանում», այսինքն` մեկ անգամ ստեղծած կերպարը կարելի է շարունակաբար օգտագործել տարբեր վիդեոներում։

- Ի՞նչ առավելություններ ունեն AI ինֆլուենսերները բրենդների եւ լսարանի համար։ 

- Եթե նայենք բիզնես տեսանկյունից, ինֆլուենսերի ուժը հետեւորդներն են, բայց կոնտենտ ստեղծելը շատ երկար ու ռեսուրսատար պրոցես է։

Օրական մի քանի նկար, մի քանի վիդեո ստեղծելը պահանջում է նկարահանում, լույսեր, մոնտաժ, համապատասխան արտաքին տեսքի ապահովում։

AI ինֆլուենսերի դեպքում ամեն ինչ արագ է․ prompt-ով միանգամից հնարավոր է ստանալ կոնտենտ, կարելի է օրական տասնյակ վիդեոներ հրապարակել ու շատ ավելի արագ մեծացնել տեսանելիությունը։

Այստեղ, սակայն, կարեւոր նրբություն կա․ սոցիալական հարթակները հասկանում են վտանգը։ Եթե դա չկառավարվի, TikTok-ը կամ Instagram-ը կարող են վերածվել ամբողջությամբ AI կոնտենտով լցված միջավայրի։ Այդ պատճառով ալգորիթմները փորձում են տարբերել իրական վիդեոները գեներացվածից ու հաճախ առաջ են մղում հենց մարդկանց ստեղծած բովանդակությունը:

- Երբ ցանկացած մարդ կարող է ստեղծել AI կերպար, ինչպե՞ս են հարթակները որոշում՝ որն է արժանի դրամայնացման:

- Հարթակները հիմա պահանջում են նշել, եթե կոնտենտը ստեղծված է AI-ի միջոցով։ Բայց իրենք նաեւ ներսում զարգացնում են ալգորիթմներ, որ ավտոմատ հասկանան՝ իրական է, թե՞ գեներացված։

photo © Մեդիամաքս


Միաժամանակ, եթե կոնտենտը հետաքրքիր է, նույնիսկ AI լինելով, կարող է վիրուսային դառնալ։ Օրինակ՝ վերջերս ռուսական ամանորյա մի երգ, որն ամբողջությամբ գեներացված էր, շատ արագ տարածվեց: Հարթակները այն չարգելափակեցին, որովհետեւ մարդիկ դա դիտում, հավանում ու տարածում էին։ Սոց. հարթակները փորձում են բալանս պահպանել։

- ViralMango-ն աշխատո՞ւմ է AI ինֆլուենսերների հետ։

- Ոչ, մենք դեռ չենք աշխատում։ Բիզնեսները նույնիսկ մինչեւ վերջ չեն հասկացել՝ ինչպես ճիշտ աշխատել մարդ ինֆլուենսերների հետ, հիմա էլ AI ինֆլուենսերների փուլն է գալիս, ու շատերը պասիվ են։

Իհարկե կան ընկերություններ, որոնք գնում են ավելի էժան տարբերակի հետեւից ու համագործակցում են AI կերպարների հետ, բայց այդ միտումը մասսայական չէ։

Միջազգային օրինակներից առաջին հայտնի AI ինֆլուենսերը Lil Miquela-ն է․ նա ունի մեծ լսարան եւ նույնիսկ Calvin Klein-ի նման բրենդները նրա հետ համագործակցում են։

- Հայաստանում ի՞նչ վիճակ է այս ոլորտում։

- Հայաստանում արդեն մոտ մեկ տարուց ավելի կարելի է նկատել AI գեներացված հայկական վիդեոներ։

Ինքս փորձարկումներ եմ կատարում: Մեկ անգամ գեներացրել էի հանրության շրջանում բացասական ալիք բարձրացրած հայտնի gender party-ի վերաբերյալ տեսանյութ, որից իրական կադրեր չկային: Այդ գեներացված վիդեոն լրատվականներն սկսեցին տարածել, մարդիկ էլ հավատում էին, որ այն իսկական է։


Մեկ այլ օրինակ՝ «Միս Հայաստանը հաղթել է Միս Տիեզերքը» թեմայով վիդեո գեներացրի ու մարդիկ նույն կերպ հավատացել եւ ուրախանում էին։ Սա ցույց է տալիս, որ հասարակությունը դեռ պատրաստ չէ տարբերել իրականն ու գեներացվածը։

Վերջին ամիսներին արդեն հայտնվում են հայերեն խոսող AI ինֆլուենսերներ, բայց, ցավոք, նրանք հաճախ գնում են 18+ սեքսուալ կոնտենտի ուղղությամբ՝ օգտագործելով փաստը, որ հարթակները հայերեն կոնտեքստը լավ չեն հասկանում ու չեն արգելափակում։ 

Գտել են «իդեալական» հայ աղջկա կերպար, որը ցույց է տալիս այն, ինչ ավանդական հայ աղջիկը սոցցանցերում չէր հրապարակի։ Ինձ շատ հետաքրքիր է մտնել ու կարդալ մեկնաբանությունները․ այնտեղ երկու լրիվ հակադիր բեւեռ կա։ Որոշ տղամարդիկ սրտիկներ են դնում, իրենց հեռախոսահամարները թողնում ու փորձում ծանոթանալ, իսկ կանայք գրում են՝ «խայտառակում ես մեր ազգը, ուր են նայում ծնողներդ» ու նման արտահայտություններ։ Մի մասը պարզապես թրոլ է անում։ Հետո սկսեցին հայտնվել մարդիկ, որ փորձում են բացատրել՝ սա AI է, բայց էջը վարողները հաճախ ջնջում են այդ մեկնաբանությունները՝ ակտիվությունը պահպանելու համար։

Ռեմ Դարբինյանը Ռեմ Դարբինյանը
photo © Մեդիամաքս


Վերջում դա հաճախ տանում է դեպի անհայտ ծագման Telegram ալիքներ, որտեղ էլ վճարովի սկամներ, անձնական տվյալների վտանգներ ու կիբեռանվտանգության խնդիրներ կարող են առաջանալ: 

- Ի՞նչ այլ ռիսկեր կան ապատեղեկատվության ու մանիպուլյացիայի տեսանկյունից։

- Այսօր արդեն պետք է ընդամենը մի քանի նկար ու 10-12 վայրկյան ձայն, որ ստանաս մարդու կերպարով վիդեո. սա նշանակում է՝ ցանկացած ակտիվ մարդու deepfake-ով ողողել համացանցը, ինչը կարող է բերել ռեպուտացիոն աղետի։ Ու մինչեւ մարդն ապացուցի, որ դա ինքը չէ, վնասն արդեն հասցված է:

- Ինչպե՞ս պետք է սա կարգավորվի եւ ի՞նչ օրենսդրական կարգավորումներ են հարկավոր։

- Հայաստանում այսօր չկա օրենք, որը կասի, որ ձեր դեմքը կամ ձայնը իրավաբանորեն ձեր սեփականությունն է։ Տեխնիկապես ցանկացած մեկը կարող է վերցնել ձեր կերպարը ու դուք դժվար թե կարողանաք պահանջել հրապարակման հեռացում։

Աշխարհում ընդամենը մի քանի պետություն է սկսել ընդունել ձայնի եւ դեմքի հեղինակային իրավունքները պաշտպանող օրենքներ։ 

- Ինչպե՞ս կարող են մարդիկ տարբերակել ու պաշտպանվել։

- Ամենակարեւորը կրթվածությունն է ու իրազեկումը։ Տեխնոլոգիաները զարգանում են այնքան արագ, որ մարդիկ չեն հասցնում ադապտացվել։

Խորհուրդ եմ տալիս՝ եթե տեսնում եք կասկածելի վիդեո, մի կիսվեք անմիջապես, որովհետեւ երբ վստահելի մարդն է տարածում, այդ վստահությունը կպչում է նաեւ կեղծ կոնտենտին։ Մի քանի անգամ մտածեք՝ սա իրական է, թե ոչ։

- AI ինֆլուենսերները կփոխարինե՞ն մարդկային ստեղծագործողներին։

- Կարծում եմ՝ ավելի շատ կլրացնեն։ Հիմա արդեն կան տեխնոլոգիաներ, որ իրական ժամանակում կարող են կրկնել ձեր գործողությունները՝ վերածելով ուրիշ կերպարի կամ լրացնել իրականը։ Օրինակ՝ ես կարող եմ նկարահանվել, բայց AI-ը դա դարձնի այնպես, կարծես Բրեդ Փիթն է իմ փոխարեն։

Ռեմ Դարբինյանը Ռեմ Դարբինյանը
photo © Մեդիամաքս


Սա շուկան փոխելու է ոչ թե այնպես, որ AI կերպարը կունենա «մարիոնետավար», այլ հենց իրական ինֆլուենսերը կօգտագործի AI-ը՝ իր կոնտենտը կատարելագործելու համար։ Դա նույնն է, ինչ Instagram-ի ֆիլտրերի պատմությունը․ սա հաջորդ փուլն է։ 

- Ի՞նչ խորհուրդ կտաք հայ հիմնադիրներին, որոնք ուզում են մտնել այս ոլորտ։

- Կարեւոր է, որ հայկական շուկան չգնա միայն էժան սենսացիաների ու 18+ սկամների ուղղությամբ։

Եթե հայ հիմնադիրները ուզում են ստեղծել AI ինֆլուենսերների բիզնես, պահպանելով հայկական ինքնությունը, պետք է մտածեն երկարաժամկետ արժեք ստեղծելու մասին՝ կրթական, մշակութային ու վստահելի բովանդակությամբ։

Ռեմ Դարբինյանի հետ զրուցել է Նունե Գրիգորյանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի