Երեւանի կենդանաբանական այգին անցկացրել է «Երազանքի գիշեր» միջոցառումը` հյուրընկալելով ավելի քան 60 երեխաների իրենց ընտանիքների հետ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի անձնակազմը, հանգանակելով ավելի քան մեկ միլիոն դրամ, իրականացրեց երեխաներից 6-ի երազանքները:

Առողջական տարբեր խնդիրներով երեխաների օրն անմոռանալի դարձնելու համար այգում նախապատրաստվել էր թատերական, երաժշտական ու խաղային ծրագիր, հյուրասիրություն:

Միջոցառմանն ընդառաջ կազմակերպիչները պարզել էին հրավիրված յուրաքանչյուր երեխայի երազանքը կամ կարիքը: «Երազանքի գիշերվան» նախորդած շուրջ մեկ ամսվա ընթացքում ընդարձակ քարոզարշավ անցկացվեց, որի ընթացքում բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ դարձան մեկ կամ մի քանի երեխայի երազանքների իրականացման հովանավորներ: