10:50 | 06.10.16 | Հարցազրույցներ | exclusive 207095

Դավիթ Յանի կյանքը՝ բեմում

Հոկտեմբերի 3-ին ՀայՖեստ-ի շրջանակում «Այբ» դպրոցում բեմադրվեց «Վառելիք» («Топливо») մոնոներկայացումը, որը պատմում է ABBYY-ի հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ, «Այբ» հիմնադրամի համահիմնադիր, ձեռնարկատեր Դավիթ Յանի մասին:

Ներկայացումը հիմնված է Դավիթ Յանի հետ հարցազրույցի վրա եւ ստեղծվել է Человек.doc նախագծի շրջանակում: Մոնոներկայացման սցենարիստը Եվգենի Կազաչկովն է:

Itel.am-ը ներկայացման շուրջ զրուցել է Սանկտ Պետերբուրգից ժամանած ռեժիսոր Սիմյոն Ալեքսանդրովսկիի եւ դերասան Մաքսիմ Ֆոմինի հետ:  

Սիմյոն Ալեքսանդրովսկի

Մոնոլոգ ներկայացումը սկսվում է Դավիթ Յանի մանկությունից, թե ինչպես է նա ֆիզիկան ընտրում որպես մասնագիտություն, ընդունվում համալսարան, ապա ստեղծում Lingvo բառարանը, որն էլ դառնում է ABBYY ընկերության հիմնաքարը:

Արդեն մեկ տարի է, որ խաղում ենք այս ներկայացումը: Սկսել ենք անցած տարվա սեպտեմբերին, այս ընթացքում կանոնավոր ներկայացումներ ենք ունենում Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում, խաղացել ենք Բուլղարիայում եւ Իսրայելում: Նոյեմբերին ներկայանալու ենք Բեռլինում:

 Մաքսիմ Ֆոմինը Մաքսիմ Ֆոմինը
photo © Այբ


Պիեսը բեմադրվում է նաեւ անգլերեն, իսկ ներկայում թարգմանվում է գերմաներեն, քանի որ նոյեմբերին ներկայանալու ենք Բեռլինում:

Կարծում եմ՝ կարեւոր է, որ ներկայացումը խաղում ենք Երեւանում, քանի որ Դավիթը այստեղ է ծնվել, դպրոց հաճախել, կայացրել բարդ որոշում եւ անցնելով երկար ճանապարհ՝ մեկնել Մոսկվա, ընդունվել համալսարան: Այժմ ստեղծվել է այս ներկայացումը, եւ այսօր մենք այստեղ ենք՝ այն քաղաքում, որտեղ տարիներ առաջ ամեն ինչ սկսվել է:

Մաքսիմ Ֆոմին

Ներկայացման շրջանակում մենք վերլուծում ենք Դավիթ Յանի հարցազրույցներից մեկի տեքստը:

70 րոպեների ընթացքում փորձ է արվում օրինաչափություններ գտնել մարդու ճակատագրում, քանի որ Դավիթը կարեւոր եւ հետաքրքրիր ճանապարհ է անցել, եւ այդ ճանապարհը մեզ կարող է հուշել՝ ինչպես ճիշտ ապրել: Այդ վերլուծական աշխատանքը չափազանց հաճելի է, քանի որ ամեն անգամ նոր բան է բացահայտվում:

 Մաքսիմ Ֆոմինը Մաքսիմ Ֆոմինը
photo © Այբ


Այս բոլոր պատմություններում տեսնում ենք փնտրտուք՝ սեփական անձի, ճիշտ ճանապարհի: Նա անընդհատ փորձում է գտնել այդ հարցերի պատասխանը, անընդհատ հարցնում է ինքն իրեն այդ մասին:  

Դավիթ Յանն անձամբ ներկա չի եղել «Վառելիք»-ին, սակայն մտադիր է մոտ ապագայում դիտել մոսկովյան ներկայացումը:

Նարինե Դանեղյան