Հոկտեմբերի 28-29-ին 21 թիմ ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում մասնակցել է FinTech ձեւաչափի առաջին Fintegration հաքաթոնին, որի նպատակն էր միավորել ֆինանսական ծառայությունները եւ թվային տեխնոլոգիաները:
Թիմերը 18-ժամյա հաքաթոնի ընթացքում, օգտագործելով Microsoft-ի BlockChain, Cognitive Services, Cortana Analytics եւ Bot Framework տեխնոլոգիական հարթակները, մշակել են նորարարական լուծումներ եւ ներկայացրել ժյուրիին:
Itel.am-ը pitching-ից հետո զրուցել է հաքաթոնի կազմակերպիչների հետ:
«Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանը նշել է, որ իրենց տեղեկություններով` սա աշխարհում առաջին հաքաթոնն էր, որ կազմակերպվում էր Կենտրոնական բանկի տարածքում, ինչը նրա խոսքով, փաստում է, որ Հայաստանի ԿԲ-ն բաց է նոր տեխնոլոգիաների համար:
Լիանա Կորկոտյանը
«Տպավորությունները՝ թե՛ թիմերի աշխատանքից, թե՛ ներկայացումներից, դրական են: Հույս ունենք, որ մասնակիցները եւս հաճույք ստացան ինչպես բուն հաքաթոնից, այնպես էլ նախահաքաթոնյան եռօրյա միջոցառումներից: Skype-ի միջոցով միջոցառմանը ներգրավեցինք «Մայքրոսոֆթի» կենտրոնական գրասենյակից մասնագետների, որոնց խորհուրդները կարող էին օգտակար լինել թիմերի համար: Մեծ հույս ունեմ, որ մասնակիցներն ինչ-որ նոր բան սովորեցին այս օրերի ընթացքում: Ուրախ եմ, որ սա նաեւ առաջին խոշոր fintech հաքաթոնն էր Հայաստանում: Հուսամ, որ այն լուծումները, որ ներկայացվեցին եւ դեռեւս նախնական փուլում են, զարգացում կստանան եւ իսկապես օգտակար կլինեն ֆինանսական հաստատությունների համար»,- ասել է Լիանա Կորկոտյանը:
Հաքաթոնի կազմակերպիչ «Դոմ-Դենիել» ընկերության տնօրեն Արտաշես Քալանթարյանն էլ նշել է, որ միջոցառման կազմակերպման միտքը առաջացել է մայիսին իրենց կազմակերպած 4-րդ ինդուստրիալ հեղափոխությանը նվիրված միջոցառման ժամանակ:
«Դա սկիզբ դրեց մի մեծ ծրագրի, որն ուղղված է մանր եւ միջին բիզնեսին ուղղված լուծումների ստեղծմանը: Գլոբալ նպատակն է, որ ՏՏ-ն պետք է հասանելի լինի բոլոր կազմակերպությունների համար, քանի որ ապագայում կազմակերպություններն իրարից տարբերվելու են հենց իրենց տեխնոլոգիական լուծումներով: Fintech-ը հենց առաջին ինդուստրիալ քայլն էր, քանի որ ֆինանսական ոլորտում այս միտումը բավական շուտ է սկսել նկատվել` շուրջ 10 տարի առաջ, եւ այժմ տարածվում է մնացած բոլոր ոլորտներում»,- նշել է Արտաշես Քալանթարյանը:
Անդրադառնալով հաքաթոնին՝ նա տեղեկացրել է, որ այն աննախադեպ էր իր ձեւաչափով:
Արտաշես Քալանթարյանը
«Համագործակցությունը ֆինանսական կառույցների` ներառյալ ԿԲ-ի հետ, բովանդակության մասով «Մայքսրոֆթի» թիմի թրեյնինգները, ինչպես նաեւ եռօրյա նախապատրաստական դասընթացները միջոցառմանը բացառիկություն հաղորդեցին: Ինչ վերաբերում է թիմերին, ապա մեծ թվով ցայտուն օրինակներ կային: Այն հանգամանքը, որ հաղթեցին մարդիկ, որոնք ունեին մի քանի ամսվա փորձ, ցույց է տալիս, որ շատ կարեւոր է գաղափարը եւ ցանկությունը: Իրականում հավասար պայքար էր, եւ մի շարք թիմեր շատ մոտ էին մրցանակային տեղերին` գնահատականներով»,- ընդգծել է Արտաշես Քալանթարյանը:
Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնի ղեկավար Մարտին Գալստյանին էլ տպավորել է հաքաթոնին մասնակցող թիմերի որակը:
«Կային լուծումներ, որոնց վրա դեռ անհրաժեշտ էր աշխատել, եւ կային նաեւ այնպիսիք, որոնք կատարելության փուլում էին, պատրաստ են միանգամից դուրս գալ շուկա եւ վենչուրային ներդրումներ ներգրավել: Կարծում եմ` բանկերի համար սա լուրջ հնարավորություն էր ծանոթանալու ստարտափ լուծումների միջավայրին»,- նշել է Մարտին Գալստյանը:
Մարտին Գալստյանը
Նրա խոսքով՝ եթե թիմերի հետ աշխատեն հմուտ մասնագետներ, ապա այդ լուծումների մի մասը վստահաբար կարող է կյանքի կոչվել:
«Ինձ տպավորել են բոտերի հետ կապված լուծումները: Նույնը կարելի է ասել մեքենայական ուսուցման, արհեստական բանականության եւ BlockChain-ին առնչվող մի շարք լուծումների մասին: Կարծում եմ` անհրաժեշտ է նման միջոցառումներ ավելի հաճախ կազմակերպել: Այս պահին ունեինք 21 թիմ, նրանք կարող են մաղվել եւ միայն մի քանիսը շարունակեն զարգացնել իրենց պրոդուկտը, սակայն փաստ է, որ նորերն են գալու: Հետեւաբար անընդհատ հարկավոր է նման միջոցառումներ կազմակերպել, որպեսզի ձեւավորվող տաղանդը չկորչի»,- նշել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավարը:
Հիշեցնենք, որ հաքաթոնը կազմակերպել են «Մայքրոսոֆթ Հայաստանը» եւ «Դոմ Դանիել» ընկերությունը ՝ ՀՀ Կենտրոնական բանկի եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հետ համատեղ: