11:38 | 23.11.16 | Նորություններ | 14964
ABBYY-ի հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ, «Այբ» հիմնադրամի համահիմնադիր, ձեռնարկատեր Դավիթ Յանի հիմնադրած Findo որոնման համակարգը հայտարարել է $7մլն արժողությամբ սաղմնային ներդրումների շրջանը հաջողությամբ փակելու մասին:
Itel.am-ի հետ զրույցում Findo-ի PR մենեջեր Սոֆյա Առաքելյանը նշել է, որ ներդրումը Findo-ն կուղղի «խոր ուսուցման» (Deep learning) տեխնոլոգիաների հետագա զարգացմանը:
Findo-ն նաեւ հայտարարել է PDF լուծումների մշակմամբ զբաղվող Foxit ընկերության հետ ռազմավարական համագործակցության մասին, որի շրջանակում Foxit-ը $600 հազ. ներդրում է կատարելու Findo-ում: Համագործակցությունը ենթադրում է նաեւ փոխադարձ տեխնոլոգիաների մշակում:
Findo-ում նշել են, որ այս ներդրումը $7 արժողությամբ ներդրումային փուլի մաս է կազմում, որտեղ ներդրումներ իրականացնողներից են նաեւ ABBYY-ն, Flint Capital-ը եւ այլ ընկերություններ:
Ինտեգրացիան հնարավորություն կտա Foxit-ի 425 մլն օգտատերերին ավելի արդյունավետ աշխատել PDF ֆայլերի հետ, իսկ Findo-ի օգտատերերը կստանան հնարավորություն խմբագրելու PDF ֆայլերը՝ պրոդուկտն օգտագործելիս:
Յուրաքանչյուր տարի որոնվող ֆայլերի, այդ թվում՝ PDF-ների, փաստաթղթերի, լուսանկարների, էլնամակների, կոնտակտների որոնումն աճում է աննկարագրելի չափերով:
«Մենք հավատում ենք, որ արհեստական բանականության տեխնոլոգիաները հնարավորություն կտան մարդկանց կազմակերպել անձնական տեղեկատվության այս ցունամին»,- նշել է Findo-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Գարի Ֆոուլերը:
Findo-ի եւ Foxit-ի ինտեգրացիան հասանելի կլինի վեբ, ամպային եւ մոբայլ հարթակներում եւ ամբողջական կդառնա 2017-ին:
Ի տարբերություն որոնողական այլ համակարգերի՝ Findo-ն կարողանում է տեղեկատվություն փնտրել ամպային պահոցներում, սոցցանցերում եւ օգտատերերի սարքավորումներում (համակարգիչներ, սմարթֆոններ):
Findo-ն կարող է գտնել անհրաժեշտ ինֆորմացիան Gmail-ում, Google Drive-ում, Dropbox-ում, Evernote-ում, Outlook-ում, OneDrive-ում, YahooMail-ում, ինչպես նաեւ համակարգչում: Findo-ի բոտերը կարող են դառնալ Ձեր թիմակիցները եւ օգնել Ձեր խմբին աշխատել ավելի արագ եւ որակյալ: Համակարգը հնարավորություն է տալիս տեղեկատվություն որոնել Slack-ում, Facebook Messenger-ում, Telegram-ում կամ Skype-ում` առանց հավելվածը փակելու: