2016թ. հայկական մի շարք ՏՏ ընկերությունների հաջողվեց մեծաքանակ ներդրումներ ներգրավել արտերկրի վենչուրային հիմնադրամներից եւ անհատ ներդրողներից:
Itel.am-ը ներկայացնում է հայկական այն 4 ընկերությունները, որոնք անցնող տարում $1մլն-ից ավելի ներդրում են ստացել: Ընտրությունը կանգ է առել այն ընկերությունների վրա, որոնք, չնայած արտերկրում գործունեությանը, Հայաստանում գրասենյակ կամ թիմ ունեն:
1.PicsArt - $20 մլն
Ապրիլին PicsArt-ը հայտարարեց DCM Ventures եւ Siguler Guff & Company ընկերություններից $20 մլն-ի ներգրավման մասին: Միջոցներն ընկերությունն ուղղեց Չինաստանի եւ Ճապոնիայի շուկաներում PicsArt-ի զարգացմանը:
Սեպտեմբերին էլ ընկերությունը
հայտարարեց ավելի քան 80 մլն ամսական ակտիվ օգտատերի շեմը հատելու մասին եւ այդ առթիվ
ներկայացրեց հավելվածի թարմացված iOS տարբերակը:
2. CodeFights - $10 մլն Նոյեմբերին ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Տիգրան Սլոյանը
հայտարարեց $10 մլն ներդրման մասին՝ նշելով, որ ներդրումային Ա ռաունդը ղեկավարել է e.ventures վենչուրային հիմնադրամը։ Ռաունդին մասնակցել են նաեւ SV Angel-ը, Felicis Ventures-ը, A Capital-ը եւ Granatus Ventures-ը։
CodeFights-ը, որն օգնում է ստուգել եւ բարելավել ծրագրավորման մասին գիտելիքները խաղի միջոցով, ներդրումն օգտագործելու է՝ մեծացնելու իր ինժեներական, օպերացիոն եւ վաճառքի թիմերը։
Հատկանշական է, որ ընկերության օգտատերերի թիվը 2015թ. ապրիլին ստացված $2,5 մլն սաղմնային ներդրումից հետո աճել է 10 անգամ։
3. NewsDeeply - $2,5 մլնԼարա Սեդրակյանի հիմնադրած ստարտափն անցնող տարում եզրափակեց 2015թ. մեկնարկած $2,5 մլն արժողությամբ սաղմնային (seed) ռաունդը: Ներդրողների շարքում են Fresco Capital-ը, Granatus Ventures-ը, HIVE-ը, Omidyar Network-ը:
News Deeply-ն հարթակ է, որտեղ կոնկրետ թեմայի շուրջ հավաքվում է համապարփակ տեղեկատվություն, որն էլ օգտագործվում է խոշոր մեդիա ընկերությունների եւ լրատվամիջոցների կողմից:
Itel.am-ի հարցազրույցը Լարա Սեդրակյանի հետ կարող եք կարդալ
այստեղ:
4. SoloLearn - $1,2 մլն Ծրագրավորում սովորեցնող ամենամեծ մոբայլ հարթակ SoloLearn-ը հոկտեմբերին
հայտարարեց $1,2 մլն սաղմնային ներդրում ստանալու մասին:
Ներդրումը կատարել էին Սիլիկոնյան հովտում գործող Learn Capital վենչուրային հիմնադրամը, ինչպես նաեւ SoloLearn-ում նախկինում ներդրումներ կատարած անհատներ:
Հարթակն այս պահին ունի շուրջ 10 մլն օգտատեր: Հարթակից սկսել են օգտվել նաեւ մեծ թվով փախստականներ, որոնք ցանկանում են ծրագրավորում սովորել:
Նարինե Դանեղյան