Լրացված եւ վիրտուալ իրականության տեխնոլոգիաների (AR/VR) լուծումներ առաջարկող հայկական ARLOOPA ընկերության համանուն հավելվածն օգտագործվում է ավստրիական Coca-Cola-ի կողմից նոր՝ #CokeQuartett-ի գովազդային արշավի շրջանակում:

Այս մասին Itel.am-ին տեղեկացրել է ARLOOPA ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արման Աթոյանը:
 
«Մեր ավստրիացի գործընկեր եւ Ավստրիայում ներկայացուցիչ AMLOGY ընկերությունը՝ մեկ այլ գործակալության հետ համատեղ, Coca-Cola-ին առաջարկել է օգտագործել ARLOOPA App-ը՝ նոր գովազդային արշավի համար»,- պարզաբանել է Արման Աթոյանը:


Ավստրիական Coca-Cola –ն կոչ է արել մինչեւ մարտի 31-ը ներբեռնել ARLOOPA հավելվածը եւ, պահելով Coca-Cola-ի ցանկացած տարբերանշանի վրա, ընկերության քառյակ շշերով AR լուսանկար հրապարակել Instagram-ում՝ #cokequartett հաշթագով:

Մրցույթի ավստրիացի հաղթողները կարժանանան մրցանակների:

Հիշեցնենք, որ ARLOOPA-ի մշակած 3D անիմացիաներով եւ տեսանյութերով լրացված իրականության (AR) լուծման դեմո տարբերակը ֆիզիկայի դասագրքի համար անցած տարի ներկայացվել էր ավստրիական դպրոցներում: