15:37 | 30.08.17 | Նորություններ | 25351
Վայոց Ձորի մարզի Վարդահովիտ համայնքի փողոցների լուսավորությունը, որտեղ 1989 թվականից բնակվում են փախստական եւ մարզի տարբեր գյուղերից տեղափոխված ընտանիքներ, իսկ արտաքին լուսավորության համակարգ երբեւիցե չի եղել, կապահովեն 1,6 կմ երկայնքով տեղադրված 45 LED լուսարձակները։
Արտաքին լուսավորության նոր ենթակառուցվածքի ստեղծումը հնարավոր է դարձել Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում։
Նորակառույց էներգախնայող համակարգի գործարկմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Վարդահովիտ համայնքի ղեկավար Սամվել Գեւորգյանը եւ բնակիչներ:
«Գյուղական համայնքների զարգացմանն աջակցելը ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջնահերթություններից է՝ որպես երկրում սոցիալական ու բնապահպանական խնդիրների լուծման նախապայման: Հայաստանի մի շարք գյուղական համայնքներում, ու արդեն՝ նաեւ Վարդահովիտում, արտաքին լուսավորության LED համակարգերի կառուցումը՝ իր երկարաժամկետ դրական ազդեցության շնորհիվ, կնպաստի բնակիչների կյանքի որակի բարձրացմանն ու գյուղական համայնքների կայուն զարգացմանը: Համայնքի բնակիչների ուրախությունն ու ոգեւորությունն է՛լ ավելի են քաջալերում մեզ եւ ապացուցում ծրագրի հիմքում ընկած՝ սոցիալական պատասխանատվության ռազմավարության արդյունավետությունը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Բնապահպանական եւ էներգախնայող LED լուսարձակների շահագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսը: Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն ժամը 21:00-ից մինչեւ 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: