13-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը «Երեւան էքսպո» կենտրոնում:
ԴիջիԹեքի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում (ԻՏՁՄ) նշել են, որ այս տարի ԴիջիԹեքն աննախադեպ է տեղական եւ միջազգային ընկերությունների մասնակցությամբ եւ լայն աշխարհագրությամբ: Ակնկալվում է շուրջ 150 մասնակից ընկերություն եւ 70 000 այցելու:
ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսին մասնակից ընկերությունները հանրությանը կներկայացնեն շուկայի վերջին թրենդներն ու նորարարությունները, թափուր աշխատատեղերը, կանցկացվեն գործարար հանդիպումները, տարբեր մրցույթներ, ֆորումներ, սեմինարներ եւ այլն:
ԴիջիԹեք 2017-ին կմասնակցեն հայկական Joomag, Ucom, Arpinet, VOLO, Zangi, Monitis, SFL, ArmSoft եւ բազմաթիվ այլ ընկերություններ:
ԴիջիԹեքին ներկա կլինեն մասնակիցներ եւ պատվիրակություններ Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Շվեդիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից եւ այլն: Միջազգային ընկերություններից մասնավորապես կմասնակցեն չինական հանրահայտ Dahua Technology ընկերությունը, ճապոնական Hitachi Construction Machinery Eurasia, Mitsubishi Heavy Industries եւ այլ ընկերություններ, շվեդական Ericsson ընկերությունը, դանիական Jabra ընկերությունը եւ այլն:
«Եթե մինչ այժմ ԴիջիԹեքը հարթակ էր հիմնականում հայկական տեխնոլոգիական լիդերների համար, ապա վերջին տարիներին եւ հատկապես այս տարի ԴիջիԹեքը դարձել է տեղի, սփյուռքի եւ օտարերկրյա տեխնոլիդերների շփման արդյունավետ հարթակ»,- ասել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
ԴիջիԹեք ցուցահանդեսը տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսն ու B2B, B2C շփման հարթակն է:
ԴիջիԹեքն իրականացվում է 2005-ից ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: ԴիջիԹեք 2017-ի պլատինե հովանավորն է Ucom կապի միասնական օպերատորը, հովանավորն է Արփինետ ընկերությունը, պաշտոնական գործընկերներն են Dahua Technology ընկերությունն (Չինաստան) ու «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը: