15:06 | 12.09.17 | Նորություններ | 5328

ՀԲ ներկայացուցչի հետ քննարկվել է ՏՏ ոլորտում գործակցությունը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Տրանսպորտային եւ ՏՀՏ ոլորտի գծով ղեկավար Ջեյն Թրեդվիլին։

Նախարարը, ՀԲ-ի հետ գործակցությունը որակելով չափազանց արդյունավետ, հույս է հայտնել, որ այն կլինի շարունակական։

Կողմերը նշել են, որ ՏՀՏ-ն եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության առավել արագ զարգացող բնագավառներից է։ Նախարարը բարձր է գնահատել նաեւ Համաշխարհային բանկի աջակցության այն ծրագրերը, որոնք վերջին տարիների ընթացքում խթանել են այդ աճը։

Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանում տրանսպորտային համակարգի արդիականացման տեսլականը, որը ենթադրում է որոշակի ՏՏ լուծումների կիրառում։

Նախարարը հույս է հայտնել, որ ապագայում այս նախագծի շուրջ եւս համագործակցության հնարավորություն կլինի ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ։