11:15 | 20.09.17 | Նորություններ | 3256

Նանոտեխնոլոգիաների ոլորտում հայ-իրանական համաժողով կանցկացվի

Սեպտեմբերի 22-23-ը Երեւանում` «Օպերա Սուիթ» հյուրանոցում, կանցկացվի նանոտեխնոլոգիաների ոլորտում հայ-իրանական համաժողով:

Կազմակերպիչն է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը՝ Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի հետ համատեղ:

Համաժողովին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ:

Համաժողովի կազմակերպմանն օժանդակում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից:

Համաժողովի առաջին օրը կքննարկվեն բարձր տեխնոլոգիաների եւ ինովացիոն ոլորտների քաղաքականությանն առնչվող հարցերն ու ծրագրերը, ինչպես նաեւ կներկայացվեն գիտական զեկուցումներ:

Երկրորդ օրը տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները կներկայացնեն իրենց արտադրանքը, սարքավորումները, առեւտրայնացման փորձը, ինչպես նաեւ կանցկացվեն քննարկումներ` հայկական եւ իրանական ընկերությունների միջեւ համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ: