Մայիսի 30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է Armenia Startup Academy-ի աքսելերացիոն երկրորդ շրջանի ստարտափների դեմո օրը, որի շրջանակում 12 ստարտափ է ներկայացել:

Itel.am-ն առանձին շարքով ներկայացնում է Armenia Startup Academy-ի երկրորդ շրջանավարտներին:

CARDY-ն մոբայլ հավելված է, որը տարբեր բիզնես միջոցառումների ժամանակ ցույց է տալիս շրջապատող մարդկանց բիզնես քարտերը՝ այդ կերպ հեշտացնելով նոր ծանոթություններ հաստատելու պրոցեսը։

Հավելվածը հասանելի է Google Play-ում եւ AppStore-ում: Այն ներբեռնելուց հետո կարելի է ստեղծել մեկ կամ մի քանի բիզնես քարտ, ըստ անհրաժեշտության դրանցից կամայականը դարձնել տեսանելի շրջապատողների համար, տեսնել ովքեր են շուրջդ, կապ հաստատել հետաքրքրող մարդկանց հետ։

CARDY-ի համահիմնադիրներն են Մարիամ Սահակյանը եւ Միհրան Սահակյանը:

Itel.am-ի հետ զրույցում նրանք նշել են, որ ներկայում ստարտափը փնտրում է $200 հազ. սաղմնային ներդրում, որի շնորհիվ հիմնադիրները կկարողանան ծրագիրը բերել իր վերջնական տեսքին եւ մաքսիմալ արագ տարածվել միջազգային մակարդակով:

photo © Armenia Startup Academy

Դիմելով Armenia Startup Academy-ի ապագա մասնակիցներին՝ CARDY-ի հիմնադիրները նշել են, որ ծրագրի ավարտից հետո մասնակիցները հասկանալու են, որ այն իրենց կյանքի ամենակարեւոր ու ճիշտ քայլերից մեկն է եղել:

«Միեւնույն ժամանակ, նկատի ունեցեք, որ ոչ ոք ձեր փոխարեն ձեր աշխատանքը չի անելու՝ Armenia Startup Academy-ն սովորեցնելու է ճիշտ աշխատել եւ տալու է խորհուրդներ, բայց ձեր նպատակասլացությունն ու աշխատանքն է ամենակարեւորն ու որոշիչը»,- ընդգծել են CARDY-ի հիմնադիրները:

Armenia Startup Academy-ն Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։
Այն իրականացվում է Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) կողմից համաֆինանսավորվող եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում։ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը Եվրոպական Միություն EU4Business եւ EU4Innovation նախաձեռնությունների մաս է:

Նարինե Դանեղյան