Կորոնավիրուսի համավարակի արդյունքում ստեղծված իրավիճակի պատճառով ՏՀՏ ոլորտի մեծ թվով հայաստանյան ընկերություններ, որոնք աշխատում են ամերիկյան շուկաների հետ, խնդիրների են բախվում:

Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը՝ Տնտեսական լրագրողների ակումբի առցանց հանդիպման ընթացքում:

«Արեւմտյան շուկաներում ճգնաժամ է: Նախարարության հարցմանը մասնակցած հայաաստանյան աութսորսինգ ընկերությունների շուրջ 60 տոկոսը խնդիրներ ունի, քանի որ պատվիրատուները այդ շուկաներից են: 40-45 տոկոսի մոտ էլ առկա է աշխատուժի ոչ լիարժեք օգտագործման խնդիր»,- նշել է նա:

Ստեփան Ծատուրյանը նաեւ խոսել է նախարարության ծրագրերից, մասնավորապես պատմել է տեխնոլոգիական հաբ ստեղծելու գաղափարի մասին, որը թույլ կտա մեկ հարկի տակ հավաքել ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների եւ խթանել նրանց գործունեությունը:

«Նախարարության ենթակայության տակ է անցել մի քանի կառույց, այդ թվում՝ Մերգելյան ինստիտուտը, որը կարող է դառնալ տեխնոլոգիական հաբ եւ նպաստել տեխնոլոգիական մտքի զարգացմանը»,- նշել է փոխնախարարը:

Ստեփան Ծատուրյանը նաեւ անդրադարձել է մեկ միասնական էլեկտրոնային համակարգ ստեղծելու ծրագրերին, նշելով, որ այդ համակարգում ներկայացված կլինեն բոլոր գերատեսչությունները: