ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում ստեղծվել է Չիպերի նախագծման եւ վերիֆիկացման լաբորատորիա («ASIC Design & Verification Lab»), որն ունի միջազգային չափանիշներին համապատասխան սարքավորումներ եւ ժամանակակից միջավայր։

Grovf ընկերության աջակցությամբ վերանորոգված լաբորատորիան հնարավորություն կընձեռի ուսանողներին ոչ միայն խորացնելու տեսական գիտելիքները, այլեւ ձեռք բերելու եւ զարգացնելու գործնական հմտություններ։ Հաջողության դեպքում ուսանողները հնարավորություն կունենան աշխատանքի անցնել Grovf-ում։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ նոր լաբորատորիայի բացումը կնպաստի գիտահետազոտական աշխատանքների լավարկմանը, ինչպես նաեւ նորարարական նախագծերի իրագործմանը։

«Այս լաբորատորիայի բացումը հիմք է երկարաժամկետ համագործակցության, կրթական ծրագրերի բարելավման եւ փոփոխման, հետագայում դասընթացների եւ քննարկումների կազմակերպման համար, ինչը կարեւոր է կրթության եւ աշխատաշուկայի կապի ամրապնդման տեսանկյունից։ Սա նաեւ հետագայում կայուն ծրագրի ստեղծման հիմք է»,- նշել է ԵՊՀ ռեկտորը։

Խոսելով ԵՊՀ-ի հետ համագործակցության կարեւորության մասին՝ Grovf-ի տնօրեն Խաչիկ Սահակյանը նշել է, որ լաբորատորիան կազմակերպության աշխատակիցների երկարաժամկետ աշխատանքի եւ նվիրումի արդյունքն է՝ Հայաստանում չիպերի նախագծման վերաբերյալ գիտելիք ստեղծելու նպատակով։

Grovf-ը մասնագիտացած է ինֆորմացիայի մշակման եւ ազդանշանների վերլուծության բարդ համակարգերի, ինչպես նաեւ չիպերի նախագծման ոլորտում։