Intel-ը եւ TSMC-ն նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել` համատեղ ձեռնարկություն ստեղծելու, որը կշահագործի Intel-ի արտադրական օբյեկտները։

TSMC-ը կստանա 20% նոր ընկերությունում, գրում է The Information-ը։

Ներդրումներ անելու փոխարեն թայվանական ընկերությունը կկիսվի իր տեխնոլոգիական զարգացումներով եւ կպատրաստի Intel-ի աշխատակիցներին։

Ինչպես նշում է The Information-ը, բացի Intel-ից, նոր ձեռնարկության բաժնետերեր կդառնան չիպերի այլ ամերիկյան արտադրողներ, որոնց անունները չեն բացահայտվում։ Նրանք կպահպանեն բաժնետոմսերի մեծամասնությունը, եւ TSMC-ն կստանձնի Intel-ի որոշ գործարանների գործառնական կառավարումը:

Գործընկերության մասին հաղորդումների ֆոնին, 2025 թվականի ապրիլի 3-ին Intel-ի բաժնետոմսերը, որոնք նախկինում անկում էին ապրել ավելի քան 5%-ով, բարձրացել են 4%-ով, հայտնում է Bloomberg-ը։

2025 թվականի փետրվարին Intel-ի բաժնետոմսերի գինը մեկ օրում բարձրացավ 16%-ով՝ TSMC-ի եւ Broadcom-ի հետ գործարքի շրջանակում ընկերության հնարավոր բաժանման մասին լուրերի ֆոնին: TSMC-ը ցանկանում էր վերահսկել Intel-ի ամերիկյան բիզնեսը եւ կառավարել գործարանները երկրում։