15:58 | 14.04.25 | Նորություններ | 620
OpenAI-ի համահիմնադիր Իլյա Սուցկվերի Safe Superintelligence ընկերությունը 2 միլիարդ դոլար ներդրում է ստացել։ Ընկերության արժեւորումը հասել է 32 միլիարդ դոլարի, թեեւ այն դեռ չունի պատրաստի պրոդուկտ:
Փուլը գլխավորել է վենչուրային կապիտալի Greenoaks Capital Partners ընկերությունը, որը ներդրել է 500 մլն դոլար: Financial Times-ին աղբյուրները հայտնել են, որ Lightspeed Venture Partners-ը եւ Andreessen Horowitz-ը նույնպես մասնակցել են ֆինանսավորմանը:
Գործարքն ընդգծում է ներդրողների հետաքրքրությունը AI ստարտափների նկատմամբ, որոնց աջակցում են հայտնի հետազոտողները կամ տաղանդավոր ինժեներները։
Իլյա Սուցկվերը OpenAI-ի համահիմնադիրն է։ Նա հեռացել է ընկերությունից 2024 թվականի մայիսին եւ հունիսին գործարկել Safe Superintelligence-ը նախկին OpenAI հետազոտող Դենիել Լեւիի եւ Apple AI նախկին ղեկավար Դենիել Գրոսի հետ:
Ստարտափը մշակում է «անվտանգ գերբանականություն»: Կառույցը կոմերցիոն է, բայց եկամուտ չունի եւ չի էլ ակնկալվում. ընկերությունը նախատեսում է մի քանի տարի ծախսել հետազոտության եւ մշակման վրա նախքան պատրաստի պրոդուկտի թողարկումն ու դրամայնացումը:
2024 թվականի սեպտեմբերին Safe Superintelligence-ը 1 միլիարդ դոլարի ֆինանսավորում է ստացել NFDG, a16z, Sequoia, DST Global եւ SV Ange ընկերություններից: Այն ժամանակ ընկերությունը գնահատվում էր 5 միլիարդ դոլար:
2025 թվականի փետրվարին Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ Safe Superintelligence-ը նախատեսում էր ստանալ 20 միլիարդ դոլարի գնահատում: Ներդրումային բանակցությունների ընթացքում ընկերության արժեւորումը հասել է 30 միլիարդ դոլարի: