EasyDMARC-ը, որն ընկերություններին պաշտպանում է ֆիշինգային հարձակումներից եւ նվազեցնում է էլ. նամակների` սպամում հայտնվելու հավանականությունը, հայտարարել է իր ռազմավարական համագործակցության մասին հայկական շուկայում գործող առաջատար կառավարելի ծառայությունների մատակարար ABS Technologies ընկերության հետ։

Այս գործընկերությունը կօգնի ABS Technologies ընկերությանը պաշտպանել հաճախորդների էլ. փոստի դոմենները ֆիշինգային հարձակումներից, ինչպես նաեւ բարելավել նրանց էլ. նամակների` Inbox-ում հայտնվելու հավանականությունը։

Էլ. նամակների անվտանգությունը դարձել է բոլոր չափերի բիզնեսների հիմնական մտահոգությունը, քանի որ կիբեռհարձակումներն ավելի ու ավելի են կատարելագործվում։ Բոլոր հաջողված կիբեռհարձակումների 93%-ը սկսվում է ֆիշինգային նամակներից։

Այս իրավիճակին արձագանքելով՝ ABS Technologies ընկերությունը ձեռնարկել է կանխարգելիչ միջոցներ՝ օգնելու իր հաճախորդներին ապահովել իրենց էլ. փոստի դոմենների անվտանգությունը եւ պաշտպանել նրանց կարեւոր տեղեկատվությունը։

«Տեղեկատվական ենթակառուցվածքների կառավարման գործընթացում ABS Technologies-ը հատուկ ուշադրություն է դարձնում անվտանգությանը՝ մշտապես բարձրացնելով այդ ոլորտում իրազեկվածությունը եւ լավագույն լուծումների կիրառումը: EasyDMARC-ի հետ մեր համագործակցությունը կօգնի առավել արդյունավետ պաշտպանել մեր հաճախորդների էլեկտրոնային փոստն ու բիզնես հաղորդակցությունը կիբեռսպառնալիքներից», - նշել է ABS Technologies -ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Գարեգին Բաղդյանը:

«Մենք ուրախ ենք ողջունել ABS Technologies ընկերությանը մեր ընդլայնվող գործընկերային ցանցում։ Որպես 83,000-ից ավելի համաշխարհային կազմակերպության հետ աշխատող ընկերություն՝ մեզ համար հայկական ծագում ունեցող գործընկերոջ հետ այս համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ արդյունքում կապահովենք հայկական ընկերությունների կիբեռանվտանգությունը», - ասել է EasyDMARC-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Գերասիմ Հովհաննիսյանը։

DMARC ստանդարտը հնարավորություն է տալիս ավտոմատ կերպով հայտնաբերել եւ արգելափակել այն էլ. նամակները, որոնք փորձում են կեղծել ուղարկողի դոմենը։ Այն կարեւոր միջոց է ֆիշինգային եւ սպուֆինգի փորձերը կանխարգելելու համար։