OpenAI-ը ներկայացրել է «պատճառաբանող» o3 եւ o4-mini մոդելները, դրանք ընկերությունն իր «ամենախելացի» մոդելներն է անվանում։
o3 եւ o4-mini-ն կարող են օգտագործել եւ համատեղել ChatGPT-ի բոլոր գործիքները՝ վեբ որոնում, Python-ի միջոցով ներբեռնված ֆայլերի վերլուծություն, պատկերների ստեղծում եւ այլն։ Մոդելներին սովորեցրել են «պատճառաբանել», թե երբ եւ ինչպես օգտագործել այդ գործիքները՝ «մտածված» պատասխան տալու համար։
Ընկերությունն ասում է, որ առաջին անգամ մոդելները կարող են պատկերները ինտեգրել իրենց տրամաբանական շղթաների մեջ, այլ ոչ թե պարզապես ճանաչել պատկերները: Օրինակ, օգտատերը կարող է վերբեռնել ձեռքով գծված էսքիզ, եւ մոդելը դա կհասկանա, նույնիսկ եթե պատկերը մշուշոտ է, գլխիվայր շրջված կամ ցածր որակի:
o3-ը OpenAI-ի ամենահզոր հիմնավորման մոդելն է, որը հարմար է «բազմակողմանի վերլուծություն» պահանջող հարցումների համար, եւ որոնց պատասխանները կարող են ակնհայտ չլինել: Հատկապես լավ է պատկերների, գծապատկերների եւ գրաֆիկների վերլուծության մեջ:
o4-mini-ն օպտիմիզացված է ավելի արագ «պատճառաբանելու» համար: OpenAI-ը նշել է մոդելի բարձր կատարողականությունը մաթեմատիկայի, կոդավորման եւ տեսողական հարցումների հետ կապված առաջադրանքների դեպքում:
O3, o4-mini եւ o4-mini-high մոդելները հասանելի են ChatGPT Plus, Pro եւ Team բաժանորդներին: Դրանք կփոխարինեն o1, o3-mini եւ o3-mini-high մոդելներին:
o3-ը եւ o4-mini-ն հասանելի են նաեւ API-ի միջոցով: Pro-ի բաժանորդների համար ընկերությունը նախատեսում է թողարկել o3-pro մոդելը «առաջիկա շաբաթների ընթացքում»:
Գները՝
• o3՝ 10 դոլար 1 միլիոն մուտքային թոքենի համար եւ 40 դոլար՝ 1 միլիոն ելքայինի համար,
• o4-mini՝ 1,1 դոլար 1 միլիոն մուտքային եւ 4,4 դոլար 1 միլիոն ելքային թոքենի համար: