Ընդլայնվել է «ԱԲ սերունդ» դպրոցական փորձարարական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ իրականացվող փորձարարական կրթական ծրագրում 2025/26 ուսումնական տարվանից ընդգրկված կլինի մարզերի եւ Երեւանի 26 հանրակրթական ուսումնական հաստատություն:
Արհեստական բանականության ոլորտի գիտնականի կրթական ուղին ստեղծելու նպատակով իրականացվող ծրագիրը նախատեսված է 10-12-րդ դասարանների աշակերտների համար եւ հնարավորություն է ընձեռում սովորել խորացված մաթեմատիկա, ծրագրավորում (Python), արհեստական բանականության հիմունքներ, իրականացնել պրակտիկ նախագծեր արհեստական բանականության ոլորտում:
Այս պահին ծրագրում ընդգրկված է շուրջ 600 աշակերտ։ Առաջին տարվա հանրահաշվի արդյունքների հիման վրա մեկ տարվա ուսումնառության ընթացքում աշակերտների շուրջ 51%-ն առաջադիմել է թույլ գիտելիքային շեմից մինչեւ միջին եւ բարձր շեմ։
«ԱԲ սերունդ» ծրագրով ուսումնառություն ստացող 10-րդ դասարանի աշակերտների հանրահաշվի ավարտական քննության արդյունքի միջին ցուցանիշը 2.2 անգամ բարձր է հանրակրթական ընդհանուր ծրագրով սովորող աշակերտների միջինից (համեմատությունը կատարվել է Տավուշի մարզի դպրոցների հետ)։
Ծրագրի ազդեցության չափման արդյունքների համաձայն՝ աշակերտների մեծ մասը ոգեւորությամբ է մասնակցում դասերին, եւ «ԱԲ սերունդ» ծրագիրը համահունչ է աշակերտների մեծամասնության մասնագիտական եւ անձնական ձգտումներին։
Ծրագրի շրջանակում իրականացվում են նաեւ ուսուցիչների շարունակական վերապատրաստումների եւ աջակցության նախագծեր: Նախատեսվում է մինչեւ 2027 թ. 2 փուլով ծրագրում ընդգրկել ընդհանուր առմամբ 45 դպրոց: