Meta-ն ընդլայնել է արհեստական բանականության գործիքների կիրառումը՝ Instagram-ում մեծահասակ ներկայացող դեռահասների հաշիվները գտնելու համար, հայտնում է The Verge-ը։

Եթե համակարգը կասկածում է, որ հաշիվը պատկանում է անչափահասի, ապա նրա գաղտնիության կարգավորումներն ավտոմատ կերպով կփոխվեն, եւ պրոֆիլը կդառնա մասնավոր։ Անծանոթները չեն կարողանա նախ գրել, իսկ բովանդակությունը կսահմանափակվի:

Ընկերությունն ընդունում է, որ համակարգը սխալներ կգործի, բայց խոստանում է, որ օգտատերերը կարգավորումները հետ փոխելու հնարավորություն կունենան։ Թե ինչ է պետք անել դրա համար, չի նշվում։

Գործառույթը սկսել է փորձարկվել ԱՄՆ-ում։ Թե երբ այն հասանելի կդառնա այլ երկրներում, չի հաղորդվում։