«Թումո ստուդիաները» (TUMO Studios) համալսարանական տարիքի ուսանողների եւ երիտասարդ մասնագետների համար նախատեսված շահույթ չհետապնդող կրթական ծրագիր է։

Նախագծի շեշտը դրված է անալոգային արտադրանքի ստեղծման վրա։ Յուրաքանչյուր դասընթացի նպատակն է ստեղծել նորարարական եւ ժամանակակից արտադրանք, որը մրցունակ է աշխարհում եւ, միաժամանակ, հիմնված է տեղական նյութերի եւ մշակույթի վրա։

Հետեւյալ նախագծերն ընդունում են հայտեր․

Զարդարվեստի եւ թանկարժեք մետաղների մասին առցանց դասընթաց

Զարդարվեստի եւ թանկարժեք մետաղների մասին առցանց դասընթաց՝ Եվրոպական միության MOSAIC ծրագրի հետ համատեղ։

MOSAIC ծրագրի նպատակն է արվեստի եւ արհեստի ոլորտները ժամանակակից պահելը, զարգացնելը եւ կատարելագործելը, մեծացնել այս ոլորտների գործունեության աշխարհագրությունը՝ տալով բազում հնարավորություններ սկսնակներին, մասնագետներին, անհատներին եւ ընկերություններին։

Դասընթացը նախատեսված է Թումո ստուդիաների զարդերի պատրաստման տեխնիկական դասընթացին մասնակցած ուսանողների համար, որոնք հետաքրքրված են զարդերի ստեղծման ոլորտի 2020-ականների թրենդերով եւ տենդենցներով, ցանկանում են մասնակցել Rhino 7-ով 3D մոդելավորման, ինչպես նաեւ 3D տպագրության կուրսերին։

Դասընթացը վերջնականացված չէ, այն գտնվում է թեստավորման փուլում եւ մասնակից ուսանողներն առաջինն են փորձարկելու այն՝ ինքնուսուցման մեթոդով, թողնելով մեկնաբանություններ եւ կարծիքներ դասընթացի բովանդակության եւ տեխնիկական ասպեկտների մասին:

Դասընթացն առցանց է, հայերենով եւ չունի ժամային սահմանափակումներ՝ բացառությամբ չորս հանդիպումների Թումո ստուդիաների անձնակազմի հետ։
Վերջնաժամկետը՝ ապրիլի 23, դիմել՝ այստեղ։

Հագուստի կոնստրուկտավորում՝ CLO3D ծրագրով

Մայիսի 12-ից Ստուդիաներում կմեկնարկի CLO3D ծրագրով հագուստի կոնստրուկտավորման աշխատարան՝ Սոնա Բաղդասարյանի ղեկավարությամբ։
Սոնան նորաձեւության ինքնուս տեխնոլոգ է, Palmonfist ապրանքանիշի համահիմնադիրը: Օգտագործելով CLO3D-ն՝ նա ստեղծում է թվային հագուստ, որը միաձուլում է նորարարությունն ու ճշգրտությունը:

Աշխատարանի ընթացքում Սոնան կկիսվի իր փորձառությամբ եւ գիտելիքներով՝ հագուստի թվային մոդելավորման, 3D նորաձեւության, լեկալների պատրաստման եւ հագուստի զարգացման մեջ:

Մասնակիցները մեկ ամսվա ընթացքում կաշխատեն CLO3D ծրագրով՝ ուսումնասիրելով եւ գործնականում փորձարկելով այն։ Դասընթացի ավարտին ուսանողները կստեղծեն ամբողջական հագուստ կամ հանդերձանք՝ կիրառելով ուսումնասիրված բոլոր տեխնիկաները եւ կցուցադրեն դրանք 3D ֆորմատով։

Վերջնաժամկետը՝ ապրիլի 27, դիմել՝ այստեղ։

Դիցաբանությունը եւ բանահյուսությունը` նկարազարդման մեջ

Մայիսի 12-ից Թումո ստուդիաներում կհյուրընկալվեն Printed Goods-ի Ջորջին եւ Ռաֆայելին Լոնդոնից։

Ջորջ եւ Ռաֆայել Գրիվզը զույգ եղբայրներ են, ովքեր հիմնել են Printed Goods-ը՝ դիզայնի եւ տնային պարագաների ապրանքանիշը, որը համարում են իրենց ստեղծարարության արտահայտման միջոցը։ Եղբայրների նպատակն է ստեղծել առօրյայի համար արվեստ՝ ինտեգրելով սիմվոլիզմն ու գեղեցկությունն առօրյա կյանքում: Ստեղծագործելիս Ռաֆայելի ուշադրության կենտրոնում միֆերն են եւ արքետիպային սիմվոլիզմը, իսկ Ջորջը ոգեշնչվում է Յունգի հոգեբանությունից, դիցաբանությունից, երազներից, ինչպես նաեւ ժողովրդական արվեստից, վաղ վերածննդից։

Աշխատարանի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրելու են հայկական դիցաբանությունն ու սիմվոլիզմը եւ ստեղծելու են գրաֆիկական պատկերներ, որոնք հետագայում կդառնան որեւէ պրոդուկտի մաս եւ կհայտնվեն Ստուդիաների խանութում։

Վերջնաժամկետը՝ ապրիլի 27, դիմել՝ այստեղ։