Մայիսի 25-ին արդեն երրորդ անգամ Հայաստանում կանցկացվի «Mini Whoop Drone Racing» ամենամյա FPV դրոնների մրցարշավը։
Այն անցկացվում է «Արմդրոն համայնք»-ի նախաձեռնությամբ եւ Ucom-ի աջակցությամբ։ Մրցարշավի կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 24-ին: Մասնակցել կարող են 12–18 տարեկան դպրոցականները եւ երիտասարդները՝ լրացնելով գրանցման հայտը:
Մրցարշավի նպատակն է Հայաստանում զարգացնել միջազգային մակարդակով ճանաչված FPV Drone Racing սպորտաձեւը, բարձրացնել ԱԹՍ-ների մասին իրազեկվածության ու կիրառման մակարդակը, կատարելագործել FPV օպերատորների մասնագիտական հմտությունները, ստեղծել հարթակ մասնագետների միջեւ կապի, փորձի փոխանակման եւ համագործակցության համար, ինչպես նաեւ խթանել պատանիների հետաքրքրվածությունը տեխնոլոգիական ոլորտի հանդեպ։
«Արմդրոն համայնք»-ն իր առաքելությունն է համարում FPV դրոնների կրթական սպորտային միջավայրի ձեւավորումը։ Կազմակերպությունն անվճար հայալեզու վիդեոդասեր է ստեղծում, տարբեր միջոցառումներ եւ մրցույթներ կազմակերպում, դեռահասներին եւ մեծահասակներին FPV դրոնների վարում, հավաքում եւ սպասարկում է ուսուցանում։
Նախորդ մրցարշավերի արդյունքում համայնքին միացել է շուրջ 100 նոր ուսանող, իսկ նախորդ տարվա մասնակիցներն ամբողջ տարին պատրաստվել են այս տարվա մրցույթին ավելի լավ արդյունք գրանցելուն եւ Հայաստանից դուրս մրցույթներին ներկայանալուն:
«Ucom-ի կորպորատիվ պատասխանատվության քաղաքականության մեջ կարեւոր դեր է խաղում տեխնոլոգիական կրթության խթանումը երիտասարդների միջեւ։ Կարծում եմ՝ դրոնների սպասարկումն ու կառավարումը շատ արդիական, կարեւոր ու արժեքավոր փորձառություն է այսօրվա աշխարհում։ Այս ոլորտով հետաքրքրվող երիտասարդները որակյալ գիտելիքներ ու հմտություններ ստանալու շնորհիվ վստահաբար կկարողանան մեծ հաջողությունների հասնել ու մեծ օգուտներ բերել Հայաստանին», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Ամեն տարի մեր համայնքը գրանցում է նորանոր արդյունքներ, ընկերական եւ փոխօգնության միջավայրը տարեցտարի ընդլայնվում է, ու մեր փոքր, բայց հստակ քայլերով մենք շարժվում ենք առաջ՝ հնարավորություն տալով պատանիներին եւ երիտասարդներին մասնագիտանալ այս ոլորտում եւ մրցել աշխարհում ուժեղագույն մարզիկների հետ, զարգացնել Հայաստանում FPV դրոնների կրթական եւ սպորտային միջավայրը», - ասել է «Արմդրոն համայնք» ՀԿ-ի հիմնադիր Հայկ Կարապետյանը։
Նշվում է, որ այս տարվա մրցարշավին մասնակցելու են նաեւ Վրաստանի FPV Drone Racing ֆեդերացիայի ներկայացուցիչները։ Հայաստանցի լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնել երկիրը Թբիլիսիում այս տարի կայանալիք մրցարշավին: