15:34 | 23.04.25 | Հոդվածներ | exclusive 1567

STEM Expo 2025․ Գիտական մտածողություն՝ դպրոցից

Նանե Անանիկյանը 17 տարեկան է, սովորում է Երեւանի պետական համալսարանի ՍԹԵՄ ավագ դպրոցի 11-րդ դասարանում։ Նանեն իր դասընկերների հետ STEM Expo 2025-ի ընթացքում ոգեւորությամբ կիսվում է կենսատեխնոլոգիական գիտելիքներով ու փորձեր կատարում՝ ցուցադրելով արդյունքներն էքսպոյի այցելուներին ու մասնակիցներին։

«Ներկայացնում ենք մեր ձեռքով պատրաստած բուսական եւ կենդանական բջիջների մակետները, նաեւ դրանց տարբեր կտրվածքներն ու հյուսվածքները, բակտերիաները, որոնք կարող ենք դիտել մանրադիտակով։ Այստեղ մեզ հետ են նաեւ մեր դասընկերները՝ Հովհաննեսն ու Անին, նրանք մշակել են AI մոդել, որը ճանաչում ու վերլուծում է պատկերները», - պատմում է Նանեն։

Երեւանի պետական համալսարանի STEM ավագ դպրոցի սաները Երեւանի պետական համալսարանի STEM ավագ դպրոցի սաները


Ապրիլի 19-ին ԱրարատԲանկի հովանավորությամբ անցկացվել է STEM Expo 2025 գիտական միջոցառումը, որը միավորում է գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունն ու մաթեմատիկան (ԳՏՃՄ) ու ներկայացնում երիտասարդ սերնդի զարգացման առանցքային հենասյուները:

Այս տարվա էքսպոյին մասնակցել է ավելի քան 200 աշակերտ եւ ավելի քան 80 STEM ուսուցիչ, որոնք ներկայացնում էին իրենց նախագծերն ինտերակտիվ ձեւաչափով։

 «ԱՐՓԱ» ինստիտուտի փոխնախագահ Ռուբեն Լուսինյանցի խոսքով՝ այս միջոցառումը «ԱՐՓԱ» ինստիտուտի մշակույթի ու ժառանգության մասն է, որը նպաստում է տարբեր օղակների համագործակցության հարթակի ստեղծմանը։

Ռուբեն Լուսինյանցը Ռուբեն Լուսինյանցը


«Միջոցառումը միավորել է երկու խոշոր նախաձեռնություն՝ Stemar կրթական ծրագիրը, որը խթանում է նախագծահեն ուսուցումը Հայաստանի դպրոցներում՝ տրամադրելով ուսուցիչների վերապատրաստում, գիտական սարքավորումներ եւ շարունակական աջակցություն, եւ Ադրին Ղարախանու անվան հայտնագործությունների մրցույթը, որն ընդգծում է երիտասարդ գիտնականների ներուժը եւ խրախուսում նորարար գաղափարների իրագործումը։ Կրթության մեր մեթոդաբանությունը թույլ է տալիս երեխաներին լինել ստեղծարար, խիզախ ու չվախենալ խնդիրներից», - նշել է Ռուբեն Լուսինյանցը։

Նրա խոսքով՝ շատ կարեւոր է ֆինանսական կազմակերպությունների եւ մասնավորապես՝ ԱրարատԲանկի դերը միջոցառման կազմակերպման եւ կրթական ծրագրերի հետագա հովանավորության գործում․«ԱրարատԲանկը առաջինն է, որ հովանավորել է նման ծրագիր, ինչը դուռ է բացում եւ օրինակ ծառայում այլ ընկերությունների համար»։

ԱրարատԲանկի Հաղորդակցության եւ սոցիալական ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանն ասել է, որ միայն 2023 թվականին բանկի կողմից սոցիալական ծրագրերում ընդհանուր ներդրումը գերազանցել է 100 միլիոն դրամը, դրանց շարքում գերակշռում են կրթական նշանակության ծրագրերը։

Աննա Ալլահվերդյանը Աննա Ալլահվերդյանը


«STEM Exop-ի հովանավորությունից զատ, մենք ավելի կարեւոր առաքելություն ենք իրականացնում։ Այս տարի «Արփա» ինստիտուտի հետ համագործակցության պայմանագիր ենք կնքել եւ ֆինանսավորել Լոռու մարզի 5 հանրակրթական դպրոցների համար կրթական փաթեթների պատրաստումն ու նոր ուսումնական տարում դրանց ներդրումը։ Այդպիսով երեխաներին եւ ուսուցիչներին հնարավորություն կընձեռվի իրականացնել նախագծահեն ծրագրեր։ Սա հատկապես կարեւորում ենք մարզերում կրթության որակի շարունակական զարգացման համատեքստում»,- նշել է Աննա Ալլահվերդյանը։

Stemar կրթական ծրագրի առաջնորդ Ելենա Ղուկասյանը նշել է, որ կրթական ծրագրի հիմքում ընկած է երեխայի անհատական զարգացմանն ու տարածքային պահանջներին համապատասխան մոտեցումը:

Ելենա Ղուկասյանը Ելենա Ղուկասյանը


«Երեխաների ինտեգրումը ծրագրում առաջնային դեր ունի հենց տարեսկզբից։ Մենք սովորում ենք աշակերտներից ու ուսուցիչներից, որպեսզի ծրագիրը դարձնենք դինամիկ եւ տվյալ տարածաշրջանի իրական կարիքներին համապատասխան»,- ասել է Ելենա Ղուկասյանը։

Ելենան կարեւորում է նաեւ այն, որ աշխատում են թիրախային կենտրոնների մոդելով, համագործակցում են տարբեր դպրոցների հետ՝ ստեղծելով երկարաժամկետ ազդեցություն։

Ծրագիրը տարածվում է փուլային կերպով․ այս պահին ներառված է երեք մարզ, իսկ հաջորդ ուսումնական տարում աշխարհագրական ծածկույթը կընդլայնվի։

Նունե Գրիգորյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի